
Իրանի փոխնախագահներից մեկի պաշտոնում կին է նշանակվել

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշանակել է երկու փոխնախագահի: Մուհամմեդ Բագիր Նոբահթը նշանակվել է պլանավորման ու ռազմավարական վերահսկողության գծով Իրանի փոխնախագահ, իսկ Էլհամ Ամինզադեն՝ իրավական հարցերով փոխնախագահ:
Նոբահթը հանդիսանում է «Իրանի զարգացման ու չափավորության» կուսակցության գլխավոր քարտուղարը, նա 4 անգամ անընդմեջ հանդիսացել է խորհրդարանի անդամ: Նա նաև զբաղեցրել է 2013 թվականին Հասան Ռոուհանիի նախագահական կամպանիայի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը:
Ամինզադեն Ռոուհանիի կառավարությունում նշանակում ստացած առաջին կինն է: Նա հանդիսացել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ: Նա ունի դոկտորի աստիճան:
Սրանից առաջ էլ Ռոուհանին Մորտեզ Բանկին նշանակել էր գործադիր հարցերով փոխնախագահ, Էշագ Ջահանգիրին՝ առաջին փոխնախագահ, Մոհամմադ Նահավանդիանին՝ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար: