
Իրանը դրականորեն է ընդունել «Վեցյակի» հետ վերստին Ղազախստանում բանակցելու առաջարկը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը դրականորեն է ընդունել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը Ղազախստանում անցկացնելու առաջարկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի փոխարտգործնախարար Կայրաթ Սարիբայը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք ներկայումս սպասում են Իրանի կառավարության ձևավորմանը, ինչից հետո «Վեցյակը» հստակություն կմտցնի բանակցությունների անցկացման նոր վայրի հարցում: Սարիբայը հավելել է, որ Ղազախստանը մտադիր է նաև հետագայում ցուցաբերել լոգիստիկ ծառայություններ:
Նախորդ շաբաթ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Թեհրանում Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ղազախ առաջնորդը վերստին հայտարարել է, որ պատրաստ է հարթակ տրամադրել «միջուկային» բանակցությունները շարունակելու համար:
Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել է այս տարվա ապրիլի 5-6-ին, Ալմա Աթայում: