Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղը նշել է իր 185-ամյակը
Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքն օրերս նշել է իր հիմնադրման 185-ամյակը: Հոբելյանական տարեդարձը արժևորվեց համայնքում կարևոր նշանակություն ունեցող կառույցների բացմամբ՝ մեկընդմիշտ լուծելով Լճաշենում հոգևոր և մշակութային նշանակություն ունեցող խնդիրը: Ըստ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի՝ մեծ է տարբերությունը Լճաշենի այսօրվա ու երեկվա միջև: Նրա համոզմամբ՝ շենանում է և նկատելի են դրական տեղաշարժերը թե գյուղատնտեսության, թե սոցիալ-տնտեսական և կրթամշակութային ոլորտներում: Մարզպետի տեղակալի կարծիքով՝ նման արդյունք ունենալը խոսում է նաև համայնքի ղեկավարի և բնակչության միասնականության մասին և պետք է անել ամեն ինչ, որպեսզի նմանատիպ համայնքների թիվը մարզում օր-օրի ավելանան:
Լճաշենի 185-ամյակի տոնակատարության ընթացքում Գեղարքունյաց թեմի հոգևոր առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց նոր կառուցվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Եկեղեցու աշխատանքները իրականացվում են լճաշենցիների ներդրումների հաշվին: Իսկ վերակառուցված մշակույթի տան և ժամանակակից կահավորանքով հարմարավետ զբոսայգու աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի, Լճաշեն համայնքի և ԱՄՆ ՄԶԳ «Քաունթեր Փարթ Ինթերնեյշնլ» կազմակերպության համատեղ ուժերով:
Մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Լճաշեն գյուղն ունի 5036 բնակիչ, գործում են արտադրական ձեռնարկություններ, գյուղն ունի միջնակարգ դպրոց, մսուր- մանկապարտեզ, բուժամբուլատորիա, լուծված են խմելու և ոռոգման ջրի, համայնքի լուսավորության, ներհամայնքային նշանակության ճանապարհների ասֆալտապատման խնդիրները, ամբողջովին գազիֆիկացված է, ապահովված է հեռախոսակապով:
Անուշ Արզումանյան