Բաժիններ՝

Մայիսյան գյուղի բնակիչներ. «Առանց արտագնա աշխատանքների առհասարակ ապրել չէր լինի»

Շիրակի մարզի Մայիսյան գյուղը գտնվում է մարզկենտրոնից  մոտ 6 կմ հեռավորության վրա: Գյուղը գտնվում է Գյումրի-Վանաձոր երկաթուղու վրա: Գյուղում է գտնվում 7-րդ դարում կառուցված Տիրնավոր Սուրբ Աստվածածին կիսակառույց  եկեղեցին: Գյուղն ունի գործող դպրոց: Մայիսյանցիները նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել են Սպիտակի շաքարի գործարանում: Սակայն Սպիտակի ավերիչ  երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և հետագայում շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են: Այնպիսի տպավորություն է, որ մարզի բոլոր գյուղերի «ճակատագրերը» միանման են. կիսակառույց եկեղեցիներ, անմխիթար վիճակում գտնվող փողոցներ, ջրի, աշխատատեղի խնդիր ու արտագաղթ:  Գյուղացիների հետ զրույցում նրանք նշեցին, որ ներկա պահին գյուղի հիմնախնդիրներից ամենաակնառուն գյուղի լրիվ գազիֆիկացման խնդիրն է, ինչպես նաև ջրագծերի նորոգման և գյուղամիջյան ճանապարհների, մեղմ ասած, անմխիթար վիճակը: «Գյուղի ճանապարհներն ահավոր վիճակում են, փոշոտ են ու քանդված»,-նշում են գյուղացիները:

Արտագաղթին վերաբերող հարցերը գյուղացիների համար, թերևս, ամենացավոտն են, քանի որ գյուղի տղամարդկանց մեծ մասը դրսում է: «Առանց դրա առհասարակ ապրել չէր լինի»,-նշում են գյուղացիները, և ավելացնում՝ «Բայց դե սովորել ենք էս վիճակին»: Գյուղում կա ասֆալտի գործող գործարան: Գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, նաև հողագործությունը: Գյուղը քաղաքին կապող տրանսպորտային միջոցներից դժգոհություններ չկան, «գոնե դա լավ է, ամեն ժամը մեկ տրանսպորտ է գալիս-գնում»,-ասում են բնակիչները:

Ժամանցի վայրերի մասին մտածելը գյուղացիների համար շռայլություն կլիներ: Երիտասարդների մեծ մասը գյուղում չի էլ մնում, կամ գնում են քաղաք սովորելու, կամ` արտագնա աշխատանքների` փող վաստակելու: Գյուղացիների խոսքերով՝ գյուղմթերքի մեծ մասը սպառվում է տեղում: Սպասվում է կարտոֆիլի զգալի մեծ բերք: Գյուղից նաև մթերում են կաթ, որի մթերման գնի տատանումները բացասաբար են ազդում գյուղացիների վրա: Գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը և գյուղի լրիվ  գազիֆիկացումը համարվում է գյուղի ներկայիս օրհասական խնդիրներից, որոնց վերջնական լուծման մասին դեռևս որևէ մեկը չի մտածում:

Գայանե Ավետիսյան

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս