
Սիրիական բանակը հաջող գործողություններ է ձեռնարկել Լաթաքիայի ու Հոմսի շրջաններում

Արաբական Al-Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի միջերկրածովյան Լաթաքիա նավահանգստից արևելք ընկած հատվածում կատաղի մարտեր են ծավալվել կառավարական զորքերի ու ընդդիմության զինված խմբավորումների միջև, որոնք տիրում են Ջեբել-Ակրադ լեռնային շրջանին:
Սիրիական զորքերը երեկ իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Օբեյն քաղաքն ու Նաբի Իշայա գագաթը: Դրանից առաջ էլ զինյալները վտարվել են Խիրբեթ-էլ-Բազից: Սիրիական բանակն ազատագրել է նաև մի շարք գյուղեր:
Ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է «Ալ-Մուհաջիրին» խմբավորման բազմաթիվ վարձկաններ՝ ներառյալ լիբիացի 6 դաշտային հրամանատար և 1 թունիսցի: Ականատեսների վկայությամբ՝ զինյալները պատանդներին օգտագործում են որպես «կենդանի վահան»:
Դամասկոսից 165 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Հոմս քաղաքի հին թաղամասերից մեկում բանակն իրականացրել է մաքրման գործողություն, ինչի արդյունքում ոչնչացրել է 13 ահաբեկչի և տիրել է զինամթերքով ու հրթիռներով մի պահեստի: