Ադրբեջանում ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացիներ
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են Լեզգիական դաշնային ազգային-մշակութային ինքնավարության (ФЛНКА) ղեկավար Արիֆ Քերիմովին և ինքնավարության գործկոմի նախագահ Ամիլ Սարկարովի հարազատներին:
Այս մասին նշված է ФЛНКА-ի խորհրդի տարածած հայտարարությունում: Առկա տեղեկատվության համաձայն, ձերբակալվածներից մեկն Ադրբեջանի քաղաքացի Էլդար Մամեդովն է: 1956 թվականին ծնված այդ ձեռնարկատերը Արիֆ Քերիմովի կնոջ հարազատ եղբայրն է:
Ձերբակալվել են նաև Ռուսաստանի երկու քաղաքացիներ՝ Ջավիդ Բաբաևը (1977),ով Քերիմովի ազգականն է և ղեկավարում էր նավթագազային արդյունաբերության սարքավորման արտադրման ձեռնարկությունը, և Տարիել Սարկարովը (1979), ով Ամիլ Սարկարովի հարազատ եղբայրն է և հանդիսանում է Մոսկովյան տարածաշրջանային լեզգիական ազգային-մշակութային ինքնավարության հիմնադիրներից մեկը:
Նրանք ձերբակալվել են տարբեր օրերի: ФЛНКА-ի հայտարարության համաձայն, Ռուսաստանի իշխանությունները չեն իրազեկվել Ադրբեջանում իրենց քաղաքացիների ձերբակալման մասին: Ադրբեջանի իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: