Թուրքիայում սպիրտային խմիչքների բոլոր շշերի վրա կհայտնվի «Ալկոհոլը Ձեր ընկերը չէ» նախազգուշացումը
CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսուհետ Թուրքիայում սպիրտային խմիչքների բոլոր շշերի վրա անպայմանորեն նշված է լինելու «Ալկոհոլը Ձեր ընկերը չէ» նախազգուշացումը:
Ծխախոտի ու ալկոհոլի վաճառքի պետական կազմակերպության հրամանով դա պետք է ամբողջովին իրականացվի առաջիկա 10 ամսվա ընթացքում: Հակառակ դեպքում վաճառողը կկորցնի լիցենզիան և կենթարկվի խիստ պատժի:
Թուրքիան կդառնա աշխարհի առաջին երկիրը, ուր սպիրտ պարունակող արտադրանքի վրա միաժամանակ կլինի նախազգուշական ու արգելող երեք հայտարարություն՝ ավտոմեքենայում, հղի կանանց համար և 18-ից բարձր:
Նշվում է, որ սա կլինի սպիրտային խմիչքների տարածման դեմ պայքարում ձեռնարկված երկրորդ միջոցը: Ոչ վաղ անցյալում արգելվել էր գիշերային շրջանում դրանց վաճառքը, ինչը որոշակի դժգոհություն էր առաջացրել հասարակության շրջանում:
Կառավարությունն իր քայլերը պատճառաբանում է իր քաղաքացիների առողջության մասին մտահոգվելով: Նման քայլեր են կատարվում նաև ծխելու դեմ պայքարի շրջանակներում: