
ԵՄ-ն անում է ամեն հնարավոր բան՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար. Ռոլանդ Կոբիա

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան ծավալուն հարցազրույց է տվել տեղական ԶԼՄ-ներին, որում ընդգծել է, որ Բաքվում անցկացրած 4 տարվա ընթացքում կատարվել է վիթխարի աշխատանք:
Նա հավելել է, որ համագործակցության ընդլայնումն առնչվել է կառավարությանը, քաղաքացիական հասարակությանն ու հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բիզնեսին:
Հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված՝ Կոբիան հայտարարել է. «Ինձ թվում է, որ Ադրբեջանը՝ որպես ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ և Եվրոպայի Խորհրդում նախագահող երկիր, չի կարող աշխարհին չցուցադրել այնպիսի ընտրություններ, որոնք կանցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան և կճանաչվեն բոլորի կողմից»:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Կոբիան ընդգծել է, որ ԵՄ-ն անում է ամեն հնարավոր բան՝ այդ հարցը լուծելու համար, ինչպես նաև աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: