
Լատինական Ամերիկայում աֆրիկյան արմատներ ունեցողների քանակը կազմում է 120 միլիոն մարդ. ECLAC

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի տնտեսական հանձնաժողովը (ECLAC) զեկույց է պատրաստել Լատինական Ամերիկայում աֆրիկյան արմատներ ունեցողների շուրջ:
ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 36 երկրից բաղկացած ECLAC-ի վերջին զեկույցում նշված է, որ Լատինական Ամերիկայում 120 միլիոն մարդ ունի աֆրիկյան արմատներ: Զեկույցում ուշադրություն է հրավիրվում նրա վրա, որ այդ անձանց մեծ մասը դժվարությունների է բախվում կրթություն ստանալիս:
Նշվում է նաև, որ Լատինական Ամերիկայի բնիկ բնակչությունն ու աֆրիկյան արմատներ ունեցողները չունեն հավասար իրավունքներ: Աֆրիկյան արմատներ ունեցողների մեծ մասը բաժին է ընկնում Բրազիլիային, իսկ մի զգալի մասն էլ՝ Կարիբյան ավազանի կղզիներին: Այստեղ մի շարք փոքրիկ կղզիներում աֆրիկյան արմատներ ունեցողներն անգամ կազմում են մեծամասնություն: