
ԱՄՆ-ը շարունակելու է ռազմական ոլորտում Վրաստանի հետ համագործակցությունը. Ռիչարդ Նորլանդ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Բաթում նավահանգիստ ժամանած ԱՄՆ 6-րդ նավատորմի BULKELEY էսկադրոնային ականակիրը երեկ համատեղ զորավարժություններ է անցկացրել Վրաստանի Առափնյա պաշտպանության զինծառայողների հետ:
Այս մասին հայտնել է Վրաստանի առափնյա պաշտպանության դեպարտամենտը, ըստ որի՝ տեսական ու գործնական դասընթացների ժամանակ ամերիկացի նավաստիները վրացի ծովային սահմանապահների համար դասընթացներ են անցկացրել բժշկական օգնություն ցուցաբերելու, նավերը տեխնիկապես սպասարկում իրականացնելու և փոքր ու միջին նավերը ղեկավարելու մասին:
Վաղն ամերիկյան էսկադրոնային ականակիրն ու Վրաստանի Առափնյա պաշտպանության երկու մոտորանավակ մասնակցելու են ծովում համատեղ գործնական վարժանքներին:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդն ամերիկյան ռազմանավում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ ընդգծել է Վրաստանի զինված ուժերի հետ երկկողմ հաջող համագործակցությունը.
«Արդեն 20 տարի է, ինչ ԱՄՆ-ն ապահովում է Սև ծովի անվտանգությունը: Վրացական զինված ուժերի հետ համագործակցությունն ընթանում է հաջողությամբ: Այն կշարունակվի նաև հետագայում, որպեսզի տարածաշրջանը լինի անվտանգ»: