
Ճապոնիայում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի հարավային Սիկոկու կղզում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 41 աստիճանի տաքության: Այս մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դա ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է՝ 1961 թվականից իրենց սկսած հետազոտությունների ընթացքում (52 տարում): Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2007 թվականի օգոստոսին՝ 40.9 աստիճան:
Բացի այդ, ներկայումս օդերևութաբաններն առաջին անգամ են ֆիքսել, որ երկրում երեք օր անընդմեջ գրանցվում է 40-ից բարձր ջերմաստիճան: Անտանելի շոգը կլանել է Ճապոնիայի գրեթե ողջ տարածքը: Տոկիոյի շրջանում այն կազմում է 37 աստիճան:
Ամռան սկսվելուց հետո Ճապոնիայում ջերմային հարված ստանալու հետևանքով մահացել է 68 մարդ, հոսպիտալացվել է ավելի քան 32.000 մարդ: Բնակչությանը խորհուրդ է տրվել քիչ գտնվել արևի տակ, անպայմանորեն կրել գլխարկներ ու գլխաշորեր, միացնել օդորակիչները և խմել հնարավորինս շատ ջուր: