Ռուսաստանը նոր ատոմակայան է կառուցելու Իրանում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան ու Թեհրանը մոտ ժամանակներս համաձայնագիր են ստորագրելու Իրանում նոր ատոմակայան կառուցելու մասին: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Նա ընդգծել է, որ անցկացրած խորհրդակցությունների արդյունքում կողմերը որոշել են փոխըմբռնման համաձայնագիր ստորագրել տվյալ խնդրի շուրջ: Փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվում:
Սրանից առաջ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ Թեհրանը շարունակելու է նոր ատոմակայանների կառուցումը և հուսով է տվյալ ոլորտում համագործակցել Ռուսաստանի հետ: Ռոուհանիի գնահատմամբ՝ երկիրը կարիք ունի ընդհանուր 20.000 մեգավատտ հզորությամբ ատոմակայանների:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Ռուսաստանն Իրանում կառուցել է Բուշեհրի ատոմակայանը: 1000 մեգավատտ հզորությամբ այդ ատոմակայանը շահագործման է հանձնվել 2010 թվականին: