
Ռուստամ Իբրահիմբեկովն ընդդիմությանը կոչ է արել ընտրություններին գնալ մի քանի թեկնածուով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի կողմից Ադրբեջանի նախագահի թեկնածու հռչակված կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը տվյալ կառույցի անդամներին կոչ է արել ընտրություններին մասնակցել մի քանի թեկնածուով:
Դա անհրաժեշտ է, քանի որ վտանգի տակ է Իբրահիմբեկովի թեկնածության գրանցման հարցը: Իբրահիմբեկովը հայտարարել է. «Մինչև ընտրություններ մնում է երկու ամսից էլ պակաս ժամանակ: Ես գործադրում եմ բոլոր ջանքերը՝ արագացնելու համար Ռուսաստանի քաղաքացիությունից դուրս գալու գործընթացը:
Կան նաև այլ խոչընդոտներ՝ իմ թեկնածության գրանցման ճանապարհին: Այդ հարցերով զբաղվում է իրավաբանների միջազգային խումբը: Դրա հետ մեկտեղ հաշվի առնելով, որ ինձ՝ որպես նախագահի միասնական թեկնածու, գրանցելը վտանգի տակ է, կարծում եմ՝ ճիշտ կլինի Ազգային խորհրդի կողմից ևս մի շարք թեկնածուներ առաջ քաշելը»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին: