Կապանի և Քաջարանի երեխաների գլխի վրա հայտնաբերվել են ծանր մետաղներ. Հրաչյա Ավագյան

Հետախուզված և հաստատված պաշարներով հանքերը պետք է շահագործվեն, առավել ևս նրանք, որոնք արդեն շահագործվում են, բայց Հայաստանում, օրինակ՝ պղնձամոլիբդենային հանքավայրում, կորզվում է հանքանյութի պաշարի 60-70%-ը, մինչդեռ Կանադայում 95%-ն է կորզվում: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը, հանքաքարում մնացած տարրերը խիստ վնասակար են շրջակա միջավայրի համար:

«ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային ինստիտուտում հետազոտել են Կապանի և Քաջարանի 10 երեխաների և բոլորի մոտ գլխի վրա հայտնաբերվել են ծանր մետաղներ, որոնք լվանալուց հետո էլ մնում են գլխի մեջ: Ծանր մետաղները սննդի և օդի հետ անցնում են մարդու օրգանիզմ»,- ասաց Հ. Ավագյանը:

ՀՀ-ում կա պղնձամոլիբդանային 7 հանք՝ Քաջարանի, Ագարակի, Հանքասարի, Այգեձորի, Դաստակերտի, Հանքավանի և Թեղուտի, որոնց հանքաքարի պաշարները 6 մլրդ 231 մլն 240 հազար տոննա է: ԽՍՀՄ տարիներին կատարված հաշվարկներով՝ Քաջարանի հանքավայրից ամենաօպտիմալ տարբերակը տարեկան 9 մլն տոննա հանքաքար արդյունահանելն էր, սակայն այսօր արդեն արդյունահանվում է 20 մլն տոննա, իսկ 2 տարի անց ծավալները կհասցվեն 25 մլն տոննայի: Նաև նման գերշահագործման պատճառով է, որ հանքաքարից ամբողջ պաշարը չի կորզվում և պոչհանքերը խիստ վնասակար են դառնում շրջապատի համար: Ըստ Հ. Ավագյանի՝ մինչև 2012 թ. վերջը Քաջարանի հաշվեկշռային պաշարներից արդյունահանվել ու մշակվել է 56 մլն 363.6 հազար տոննա հանքաքար:

Տեսանյութեր

Լրահոս