Հայաստանի ընդերքն արժե ավելի քան 4 տրիլիոն դոլար. Բյուջե է գնում շահույթի ընդամենը 20%-ը
Հայաստանի ընդերքի ընդհանուր հարստությունը գնահատվում է ավելի քան 4 տրիլիոն դոլար: Ներկայումս թնկարժեք տարրերի և մետաղների միջազգային շուկայական գների հիման վրա նման հաշվարկ արել է ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ Հայաստանում շահագործվող հանքավայրերից ստացվող շահույթի ընդամենը մոտ 20%-ն է գնում պետական բյուջե, իսկ մնացած 80%-ը մնում է շահագործող օտարերկրյա ընկերություններին:
«Չի կարելի շահութաբեր ձեռնարկությունը տալ մասնավորի ձեռքը: Դրանք պետք է պետությունն ինքը շահագործի, որ ողջ շահույթը մնա ժողովրդին»,- ասաց Հ.Ավագյանը:
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը հայտնեց, որ հաշվարկել են, թե ամենափոքր՝ 2.5 տոննա ոսկու պաշար ունեցող հանքը ինչքա՞ն շահույթ կարող է ապահովել և պարզվել է, որ բոլոր ծախսերը հանելուց հետո շահագործողին մնում է 33 մլն դոլար մաքուր շահույթ, իսկ հաշվի առնելով, որ ՀՀ-ում հանքարդյունաբերությամբ զբաղվող հիմնական ընկերությունները գրանցված են օֆշորում, ապա այդ գումարները գնում են օֆշորային գոտի և հայտնի չէ, թե ում գրպանն են մտնում: