2008 թվականին Ռուսաստանին կանգնեցրել է միջազգային դիվանագիտությունն ու ԱՄՆ 6-րդ նավատորմը. Սաակաշվիլի

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանն ագրեսիա է ձեռնարկել Վրաստանի դեմ, և որ պատերազմը կանգնեցվել է միջազգային դիվանագիտության ջանքերի ու ԱՄՆ 6-րդ նավատորմի շնորհիվ.

«Ռուսաստանին կանգնեցրել է դիվանագիտությունն ու ԱՄՆ 6-րդ նավատորմը: Ո՞վ է հավատում Մեդվեդևին, որ նա չի ցանկացել գրավել Թբիլիսին: Իհարկե, նա ցանկացել է դա: Դա հնչեցվել է նրանց կողմից:

Այդ նրանք են Քոնդոլիզա Ռայսին ասել, որ իրենց վերջնական նպատակը Վրաստանի ամբողջովին ոչնչացումն է: Ամերիկացիները հավատացել են դրան, և առաջինը, որ նրանք առաջարկեցին ինձ, իմ տարհանումն էր:

Մենք ապրում ենք 21-րդ դարում, և վրաց ժողովուրդը կանգնած է ընտրության առջև, ինչպես որ քանիցս եղել է նախկինում: Մենք իսկական պետություն ենք, և հետխորհդային տիրույթում Պուտինի առաջին մղձավանջը:

Եթե ազգը ցանկանում է հրաժարվել իր տարածքի կարևոր մասից, հրաժարվել զարգացումից, ապագայի հույսից, իր ներքին ընտրությունից, ապա այդ դեպքում, բնականաբար, կան բազմաթիվ հնարավորություններ՝ կապված Ռուսաստանի հետ»:

Սաակաշվիլին ընդգծել է, որ հիմար է նա, ով կարծում է, թե Վրաստանը պետք է ունենա փոքրաթիվ բանակ:

Տեսանյութեր

Լրահոս