Որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ երբեք բանակին չեմ կարգադրել մտնել Թբիլիսի. Դմիտրի Մեդվեդև

Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմին: Այն ժամանակ նա զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահի պաշտոնը:

Հարցազրույցի ժամանակ Մեդվեդևը հերթական անգամ հայտարարել է, որ զինված հակամարտության ժամանակ ռուսական բանակը Վրաստանի տարածք է մտել հակառակորդի ռազմական պոտենցիալը թուլացնելու և ոչ թե Միխեիլ Սաակաշվիլիի վարչակարգը տապալելու նպատակով.

«Մենք պետք է հակառակորդին զինաթափեինք այն աստիճան,որ նա դադարեր ոչնչացնել մարդկանց: Դա է եղել հիմնական նպատակը: Դա ձեռք է բերվել հինգ օրվա ընթացքում: Եվ ես կարծում եմ, որ դա տվյալ կամպանիայի գլխավոր հաջողությունն է:

Ես՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, երբեք չեմ կարգադրել մտնել Թբիլիսի, տապալել տեղի քաղաքական վարչակարգը և պատժել Սաակաշվիլիին»:

Մեդվեդևի խոսքերով՝ 2008 թվականի ամռանը՝ մինչև պատերազմի սկսվելը, մի քանի անգամ շփվել է Սաակաշվիլիի հետ, ով ցանկություն է հայտնել վիճելի խնդիրները քննարկել Մոսկվայի հետ, սակայն զինված հակամարտության սկսվելուց առաջ պաշտոնական Թբիլիսին դադարեցրել է շփումները:

Տեսանյութեր

Լրահոս