ԵՄ-ն ամեն հնարավոր միջոցներով Ղարաբաղն անջատելու է Հայաստանից. Էրիկա Լերներ

Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ չեխ փորձագետ, Արևմուտքի ու Արևելքի միջև շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերներն անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման խնդրին.

««Արևելյան գործընկերություն» ծրագրին Հայաստանի մասնակցելը հանդիսանում է դրանում նրա վերջնակետը: Ծրագիրը չունի արտոնյալ այլ կարգավիճակներ: Եթե որևէ երկիր չի ստորագրում Ասոցացման մասին համաձայնագիր, ապա դա չի նշանակում, որ նվազեցվում է նրա կարգավիճակը՝ որպես մասնակից:

Դրա համար էլ չի կարելի խոսել նաև «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցելու վերջնակետի մասին: Ինչ վերաբերում է համաձայնագրի նախաստորագրումից հետո ընկած ժամանակահատվածին, ապա այն պարզապես կարող է ձգձգվել: Դա կարող է կախված լինել ինչպես ԵՄ-ից, այնպես էլ Հայաստանից:

Օրինակ, կարող են ի հայտ գալ չնախատեսված հանգամանքներ, որոնց լուծումը ԵՄ-ը կպայմանավորի համաձայնագրի ստորագրմամբ: Հայաստանի ժամանակակից պատմության մեջ գրանցվել է նման դեպք, երբ գործը հասել է ստորագրմանը, սակայն վավերացումն այդպես էլ տեղի չի ունեցել, և համաձայնագիրն այդպես էլ չի մտել ուժի մեջ (նկատի է առնվում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված երկու արձանագրությունները՝ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություն և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրություն – 168.am):

Այդ պատճառով էլ ճիշտ չի լինի միանշանակ պնդել, թե տեղի կունենա համաձայնագրի վերջնական ստորագրում: Սակայն պետք է հաշվի առնել նաև այն, որ նախաստորագրումից հետո ընկած ժամկետում համաձայնագիրը ԵՄ-ի պրակտիկայում համարվում է նրա կողմից ներկայացվող պահանջներին ու չափորոշիչներին սկզբունքայնորեն միանալու ակտ, և ԵՄ-ն ակնդետ հետևելու է այդ սկզբունքներին Հայաստանի համապատասխանությանը:

Թե՛ ԵՄ-ը, թե՛ Ռուսաստանը քանիցս հայտարարել են, որ անկարելի է միաժամանակ գտնվել երկու տարբեր, ըստ էության տնտեսական տիրույթներում: ԵՄ-ում ոչ ոք Հայաստանին չի արգելի առևտուր անել Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ: Ավելին, ԵՄ-ի շատ երկրների համար Ռուսաստանը հիմնական շուկաներից մեկն է:

Ռուսաստանն իր հերթին, ինչպես ներկայացվում է, նույնպես ցանկանում է ստանալ հստակ պատասխան՝ վերջնականապես հստակեցնելու համար Եվրասիական միության կազմը: Յուրաքանչյուր նոր տնտեսական տիրույթ ենթադրում է կանոնների սահմանում, և հենց դրանց հետևելու հավանականությունն ու հնարավորությունը պետք է դառնա Հայաստանի կողմից այս կամ այն վեկտորն ընտրելու ցուցիչ:

Լուրջ վերլուծաբանի համար կասկած չի կարող լինել, որ «և-և» բանաձևն անհնար է առաջին հերթին ԵՄ-ի պահանջների պատճառով: Հայաստանն այն իրադրությունում չէ, այդ թվում նաև աշխարհաքաղաքական առումով, որ նրա վերակողմնորոշման համար պայքարեն երկու, կամ էլ երեք կողմեր: Ճնշման մեխանիզմներն առկա են բոլորի մոտ, հարցը կայանում է դրանց կիրառման նպատակահարմարության մեջ:

Մյուս կողմից էլ այս պահին, երբ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ու հնչեցնի դա, ԵՄ-ի կամ Ռուսաստանի կողմից յուրաքանչյուր գործողություն Հայաստանում ընդունվելու է որպես ճնշման փորձ: ԶԼՄ-ների արձագանքից ելնելով՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նման մեխանիզմ ընդունեցին (ռուսական) գազի թանկացումը կամ էլ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական սպառազինություն վաճառելը:

Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ, բավական է հիշել Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքերը Հայաստան կատարած այցի ժամանակ, որոնցում նա շոշափեց երկու երկրների միջև բարեկամության թեման: Ինձ թվում է, որ ներկայումս Ռուսաստանի ճնշման հեռանկարները մշուշոտ են: Նա ուշացել է:

Վերջին շրջանում գնալով ավելի է բարդանում տնտեսությունից քաղաքականության տարանջատումը: Անգամ երկրի ներքին միտումներն են ի ցույց դնում, որ որքան էլ որ ուժեղ լինի քաղաքականության ու բիզնեսի միահյուսման դեմ պայքարը, այնուամենայնիվ, այդ երևույթը շարունակում է գոյատևել: Նույնչափ բարդ է միջազգային նախագծերը քաղաքականի ու տնտեսականի տարանջատելը:

«Արևելյան գործընկերությունը» չի նպատակադրվել հետխորհրդային երկրները դուրս բերել Ռուսաստանի ուղեծրից, նա այդպիսիհնարավորություն է ներկայացնում երկրներին, ի ցույց է դնում այլընտրանքային ուղի: Այդ ճանապարհը մատչելի չէ բոլորի համար, և եթե անգամ հաջողվի անցնել այն, ապա ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի հավերժ կարգավիճակը կարող է այդքան էլ գրավիչ չլինել:

Հեշտ է կանխատեսումներ անել 10-15 տարվա, անգամ 50 տարվա կտրվածքով: Ինչ էլ որ ասվում է, մոռացվում է ժամանակի ընթացքում: Այնուամենայնիվ, ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի հարևան Թուրքիան բանակցում է արդեն 50 տարի (Թուրքիան միավորված Եվրոպայի, այն ժամանակ Եվրոպական տնտեսական ընկերակցության դռներն առաջին անգամ սկսել է թակել դեռևս 1959 թվականին – 168.am), իսկ 1999 թվականից հանդիսանում է անդամակցության թեկնածու (1999 թվականի դեկտեմբերի 10-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԽ-ի գագաթաժողովում Թուրքիային շնորհվել է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ 2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ անդամակցության վերաբերյալ բանակցությունները սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին– 168.am):

Եթե Հայաստանն այլ կերպ է գնահատում իր հնարավորությունները (ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանը բանտարկված լրագրողների քանակով չի զբաղեցնում աշխարհում առաջին տեղը կամ «առաջատար դիրքեր», չունի «Կիպրական» (չի զավթել ԵՄ-ի անդամ երկրի մի մասը) ու «Քրդական» հարցեր, չունի կրոնական (իսլամ) ու մշակութային տարբերության խնդիր (ինչի համար Թուրքիան ԵՄ-ը որակում է որպես «քրիստոնեական խմբակ»), անդամակցելու դեպքում ԵՄ-ում գերիշխող դիրք գրավելու և եվրոպական հարցերում լուրջ դերակատարություն ունենալու հավակնություններ, մեծ քանակությամբ ու դժվար ինտեգրվող ներգաղթյալների խնդիր, հեռանկարում չի կարող էներգետիկ շանտաժի ենթարկել եվրոպական երկրներին, չունի ցեղասպան երկրի պիտակ և այլն  – 168.am), ապա ցանկանում եմ խորհուրդ տալ հնարավորության դեպքում համալիր լուծել անվտանգության ապահովման հարցը:

Չնայած, ի հավելումն ՆԱՏՕ-ի, սեփական ռազմական համակարգ ստեղծելու ուղղությամբ ԵՄ-ի գործադրած բազմամյա ու համառ ջանքերին՝ ԵՄ-ը դեռ երկար ժամանակ չի կարողանա ունենալ սեփական կառույց, որը կապահովի միության անվտանգությունը: Դեռ երկար ժամանակ այդ (ԵՄ-ի անվտանգության) հարցերով զբաղվելու է ՆԱՏՕ-ն:

Դրա համար էլ երբ Երևանում խոսում են ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև ընտրության մասին, իրականում պետք է մտածեն մի կողմից ՀԱՊԿ-ի ու արտոնյալ պայմաններով ռուսական սպառազինության և մյուս կողմից ՆԱՏՕ-ի միջև ընտրություն կատարելու մասին»:

Չեխ փորձագետին հարց է ուղղվել. «Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան անվանվել են «Արևելյան գործընկերության» առաջնորդներ, սակայն բոլոր երեք երկրներն էլ ունեն տարածքային խնդիրներ: Հայաստանի դեպքում շատ այժմեական է Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչը փորձագետների պնդմամբ այսօր հանդիսանում է Հայաստանի ու ԵՄ-ի միջև բանակցությունների առանցքային կետերից մեկը:

Ինչպե՞ս է Ղարաբաղի տարածքը համապատասխանում մերձեցման գործընթացին, հնարավոր է՝ նաև ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացմանը: Արդյոք եվրոպական ֆունկցիոներները պատրաստվո՞ւմ են տնտեսական առումով Ղարաբաղն անջատել Հայաստանից, և եթե այո, ապա ի՞նչ կերպ»:

Ի պատասխան՝ Լերներն ընդգծել է. «Ես այդ երեք երկրները չէի միավորի տարածքային խնդիրների առկայության ցուցանիշով: Եթե անկեղծ լինենք, ապա Հայաստանը չունի տարածքային խնդիր: Համենայն դեպս, նա չի բարձրաձայնում այդ մասին: Տարածքային խնդիրներ ունի Ադրբեջանը:

Բոլոր երեք երկրներից էլ՝ Ադրբեջան, Վրաստան և Մոլդովա, տարբեր ժամանակ տարբեր մեթոդներով «կտորներ են կտրել» նրանց տարածքներից: Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հարցը շատ կարևոր է: ԵՄ-ը, ինչպես և բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը Ղարաբաղը չի ճանաչում որպես առանձին պետություն:

Քանի դեռ գոնե մեկ երկրի խորհրդարանի կողմից չի ընդունվել նման բան, Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես գտնվում է Ադրբեջանի սահմաններում: Ղարաբաղի տարածքը մաքուր ձևականորեն կարող է ընդգրկվել ԵՄ-ի ու Ադրբեջանի ասոցացման գծով բանակցային գործընթացում: Եվրոպացիները չեն պաշտպանի Հայաստանի՝ որպես Ղարաբաղի խնամակալի (պրոտեկտոր) կարգավիճակը:

Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում հավատարմագրված ոչ մի դիվանագետ իրավունք չունի այցելել Ղարաբաղ: Դուք տեղյա՞կ եք, որ եթե ԵՄ-ի անդամ որևէ երկրի քաղաքացին դժվարին իրավիճակի մեջ հայտնվի Ղարաբաղում, ապա Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն իրավունք չունեն միջամտել և ցուցաբերել հյուպատոսական օգնություն:

Դրանից հետևում է, որ ԵՄ-ը տնտեսական, քաղաքական ու յուրաքանչյուր այլ հնարավոր եղանակներով Ղարաբաղն անջատելու է Հայաստանից: Ես կարծում եմ, որ այդ անջատման մեխանիզմները մեզ հայտնի կդառնան համաձայնագրի նախաստորագրումից քիչ անց: ԵՄ-ը կտրուկ գնալու է Հայաստանից Ղարաբաղի անջատմանը»:

Տեսանյութեր

Լրահոս