Բաժիններ՝

Աբովյանի քաղաքապետը խոստացել է լուծել թատրոնի խնդիրը

Վերջերս թատերագետ Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել: Խոսքը Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի  հրամանով Աբովյան քաղաքի դրամատիկական թատրոնի փակման մասին է:
Այս խնդրի վերաբերյալ 168.am-ը զրուցեց Աբովյան քաղաքի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Աշոտ Չթչյանի և ռեժիսոր, դերասան Արմեն Կարապետյանի հետ:

«Փակման խնդիրն արդեն անցյալում է: Մենք մի քանի անգամ հանդիպել ենք քաղաքապետին և նա հավաստիացրել է մեզ, որ թատրոնը չի փակվելու, կրճատումներն էլ կասեցվել են: Պարոն քաղաքապետն ասաց, որ հունվար ամսից թատրոնը կունենա համայնքային, քաղաքային կարգավիճակ: 20 տարի շարունակ մենք այս օրվան շատ ենք սպասել…»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ա. Չթչյանը:

tat1

tat4 tat3

1979թ. հիմնված թատրոնը գործել է նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին: Այժմ թատրոնում աշխատում են ութ հոգի՝ 5-ը դերասան, 1 ռեժիսոր, 1 նկարիչ  և 1 գլխավոր ինժեներ, ով միաժամանակ մի քանի աշխատանք է կատարում` հնչյունային օպերատորի, և այլն: Առաջիկայում թատրոնի անձնակազմը պատրաստվում է հանդես գալ տիկնիկային նոր ներկայացմամբ:

Ընդհանուր առմամբ թատրոնն ունի վերանորոգման կարիք՝ տանիքը, որի պատճառով ամիսներ շարունակ կաթում է թատրոնի ներսում և անընդհատ խոնավություն է, ջեռուցման խնդիրը դեռևս լուծված չէ, ինչպես նաև ներքին հարդարման անհրաժեշտություն կա:
«Այս խնդիրը գլոբալ է: Եթե չլիներ «Լինսի» հիմնադրամը, Երևանի մի շարք թատրոններ նույն պատկերը կունենային, ինչ որ մենք ունենք: Գիտե՞ք, բոլոր մարզային թատրոններն ունեն պետական կարգավիճակ, բայց միայն Կոտայքի մարզինն է, որ չունի: Թատրոնը կարևոր կառույց է հասարակությունը կրթելու համար: Քաղաքը լիարժեք չի կարող քաղաք համարվել, քանի դեռ չունի տեղի եկեղեցի և թատրոն»,- ասաց թատրոնի ռեժիսոր Ա. Կարապետյանը:

tat5

Մինչ թատրոնի կարգավիճակի հաստատումը, անձնակազմը շարունակելու է հանդես գալ դեռևս տիկնիկային ներկայացումներով: Ի դեպ, տիկնիկները հենց իրենք են պատրաստում: Բազմաթիվ մասնագետներից են լսել, որ նման որակի տիկնիկներ շատ թատրոններում չկա:
2013 թվականին Աբովյանի դրամատիկ թատրոնը «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Թատերական գործիչների միության ոսկե մեդալին, մարզերի միջև հանրապետական փառատոնի ժամանակ «Մարզային լավագույն թատրոն» մրցանակին:
168.am-ի այն հարցին, թե արդյոք թատրոններն այսօր լիարժեք իրականացնո՞ւմ են իրենց առաքելությունը, Ա. Կարապետյանը պատասխանեց.

«Ինչ-որ մի խումբ է ձևավորվել, որ կարծում է, թե ցածր որակը պետք է մատուցեն, որովհետև դա է այսօրվա պահանջարկը, բայց  ոչ: Իսկ ի՞նչ նայեն, ո՞ւր գնան այն մարդիկ, ովքեր իսկապես բարձրարժեք արվեստի կարիք ունեն: Նրանք այդ մասսայի մասին չեն մտածում…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս