Ինտերնետային գնումները փոստո՞ւմ են կորչում, թե՞…
Վերջին շրջանում Հայաստանում մեծ տարածում են գտել ինտերնետային գնումները: Հատկապես Չինաստանից մեր հայրենակիցները պատվիրում են տարատեսակ ապրանքատեսակներ ու անգամ վերավաճառում դրանք: 168.am-ի հետ զրույցների ընթացքում Աբովյան քաղաքի բնակիչներից մի քանիսը դժգոհություն հայտնեցին, որ պատվերները միշտ չէ, որ ճշգրտությամբ են տեղ հասնում, կամ էլ՝ հասնում են վնասված վիճակում: Իսկ ահա Աբովյան քաղաքի բնակչուհի Ս.Կ.-նպատմեց, որ փոստային բաժանմունքում տեսել է, թե ինչպես է աշխատկցուհին փաթեթավորված ապրանքը վերափաթեթավորում, ինչից հետո սկսել է կասկածել, որ հնարավոր է` պատվիրած ապրանքները հենց Հայաստանում էլ կորչում են:
Այս խնդրի առնչությամբ 168.am-ը զրուցեց Աբովյան քաղաքի կենտրոնական փոստի ղեկավար Գագիկ Հակոբյանի հետ. «Ցավում եմ, բայց Ձեր հարցադրումներին իրավասու չեմ պատասխանելու ի պաշտոնե: Բոլոր հարցերով դիմեք մեր մամուլի բաժին: Իսկ որպես քաղաքացու կարող եմ ուղղակի ասել, որ անհեթեթ եմ համարում նման կասկածները: Եթե նման կասկածներ կան, խնդրում եմ ներկայացեք տվյալ քաղաքացու հետ և այս հարցը իրավական հարթությամբ կլուծվի: Մենք մաքսիմալ թափանցիկ ենք աշխատում և անհիմն կարծիքներն ուղղակի անիմաստ են:
«Հայփոստն» ընդամենը ծառայություն է մատուցում, տեղ է հասցնում այն ապրանքները, որոնք տարբեր երկրներով առաքվում են այստեղ: Եթե անգամ որևէ բան վնասված է լինում, ապա այնտեղից արդեն իսկ նշված է գալիս: Օրինակներ շատ կարող եմ ասել: Մի պատվեր էր եղել, քաղաքացին ասաց, թե համակարգիչ է ու չցանկացավ մեր ներկայությամբ այն բացել, հետո տանից զանգահարեց ու ասաց, որ A4 ֆորմատի թղթեր են եղել և կոնֆետներ: Մենք այդ հարցում պատասխանատվություն չենք կարող կրել: Մի քաղաքացի էլ մեր ներկայությամբ բացեց պատվերն ու ասաց, որ բջջային հեռախոս է պատվիրել ու չկա, բայց փաթեթների մեջ գտավ, այն վնասված էր ու նշված էր, որ վնասված է: Քաղաքացին կարող է զանգահարել այդ ֆիրմային կամ նամակ գրել ու բացատրել, որ պատվերը վնասված է կամ տեղ չի հասել: Ֆիրմաները փոխհատուցում են, ճշտումներ են կատարվում»:
Գ. Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց հարցին ընթացք տալ և քաղաքացու ներկայացրած բողոքը «զրպարտություն» անվանեց` բացառելով իրենց կողմից որևէ թերացում:
Մենք կրկին կապ հաստատեցինք քաղաքացու հետ, ով չցանկացավ իր անձը հրապարակել և նաև հրաժարվեց ընթացք տալ հարցին: