Արմեն Գասպարյան. «Եթե չլիներ ռոմանտիկան, ապա լենինականցիները չէին հավատա մի շարք, այսպես կոչված՝ քաղաքական գործիչների»
«Կինոն կյանք է, որից կտրել են ամենը, ինչ անհետաքրքիր է». այսպես է բնորոշել կինոն մեծն Խիչկոկը, սակայն, հետևելով համաշխարհային կինեմատոգրաֆիայի ներկայիս զարգացումներին, միշտ չէ, որ ֆիլմից հենց անհետաքրքիրն է հանված լինում: Լինում են դեպքեր, երբ ականատես ենք լինում ճիշտ հակառակ երևույթին: Այնուամենայնիվ դեռևս կան ռեժիսորներ, ում աշխատանքները հուզում և դաստիարակում են մարդկանց: Այդպիսի ռեժիսորներից է Արմեն Գասպարյանը:
Ծնունդով գյումերցի ռեժիսորը ներկայումս հայրենի քաղաքում չի բնակվում, սակայն իր ֆիլմերով բազմիցս անդրադառնում է քաղաքի ներկային ու անցյալին` ներկայացնելով գյումրեցու, կամ իր բնորոշմամբ` լենինականցու ցավը, ուրախությունն ու տրտմությունը: Առաջիկայում սպասվում է նոր ֆիլմ հայրենի քաղաքի մասին, որը կոչվում է «Վերջին քաղաքը»: Վերջերս էլ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ ռեժիսորի նախորդ` «Հայկական հաց» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը ցուցադրվել է 30 երկրներում, արժանացել բազմաթիվ մրցանակների, և բուռն քննարկումների առիթ դարձել:
ԱՄՆ ամենամեծ կրոնական կինոփառատոնում «Հայկական հացը» 1000 ֆիլմերի շարքում ներառվել է ութնյակի մեջ, ինչպես նաև ցուցադրվել Վատիկանի «Telepace Armenia» ալիքով:
168.am-ի հետ զրույցում ռեժիսորը բացահայտեց մանրամասներ նոր ֆիլմի մասին, ինչպես նաև զրուցեցինք Գյումրիի ներկայի, անցյալի և ապագայի մասին:
– Ի՞նչ վառ հիշողություններ ունեք Գյումրիում ապրած Ձեր տարիներից:
– Լենինականում ապրած ամեն օրը վառ հիշողություն է: Ամեն ինչ լավ էր մինչև երկրաշարժը…
– Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը: Ի՞նչը դարձավ հիմնական կողմնորոշիչը:
– Միշտ երազել էի կինոյի մասին, դրա համար էլ դպրոցից հետո ոչ թե ինստիտուտ գնացի` շատերի նման, այլ սկսեցի կինոմեխանիկ աշխատել. սկզբում կինոմեխանիկի օգնական եմ աշխատել, հետո՝ Երևանում քննություն եմ հանձնել, կինոմեխանիկի որակավորում եմ ստացել ու աշխատել եմ Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնում որպես կինոմեխանիկ:
– Ո՞րն է եղել Ձեր առաջին ֆիլմը:
– Ռեժիսոր Էլեմ Կլիմովի «Գնա և նայիր» ֆիլմը:
– Ի՞նչ նոր ֆիլմերի նախագծեր ունեք:
– Դոկումենտալ ֆիլմերից սպասվում են «Հայկական կոդեքս», «Վերջին քաղաք» ֆիլմերը, «Բանալիներ» գեղարվեստական ֆիլմը, «Ազատագրողը» ֆիլմը, որի սցենարի հեղինակներն ենք ես և Ելենա Անտոնիշինան, «Экстраньеро-Иностранец» ֆիլմը, որի սցենարի հեղինակը ևս ես եմ:
– Կպատմե՞ք Գյումրիի մասին սպասվելիք ֆիլմից: Ի՞նչը դրդեց կրկին վերադառնալ Ձեր հայրենի քաղաքի թեմային:
– Նախ, եթե դա չանեմ ես, ապա ոչ ոք չի անի: Եվ հետո, դա պարտք է իմ քաղաքի նկատմամբ: Ու վերջապես՝ այս քաղաքը օր օրի ուղղակի կորչում է:
– Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն էր Գյումրին նախկինում ու ինչպիսի՞ն է հիմա: Ի՞նչ հիմնախնդիրներ կան, որոնք պիտի շոշափվեն Ձեր ֆիլմում:
– Լենինականի գլխավոր խնդիրը նրանում է, որ խախտված է քաղաքի կոնցեպցիան: Այն մնացել է միայն մարդկանց մեջ, ովքեր և հանդիսանում են Լենինականի մշակույթի կրողները: Եվ բնավ կարևոր չէ` որտեղ են ապրում այդ մարդիկ: Երևանի և Լենինականի մեջ ոչ թե 110 կմ հեռավորություն է, այլ մեծ անդունդ: Լենինականը քաղաք է, որը մատնված է ինքնահոսի: Այդպես եղել է միշտ, սովետական շրջանում` ևս: Ուղղակի փոփոխվել են վերաբերմունքն ու արժեքները: Այսօր արվեստն իր մաքուր տեսքով ծնվում է միայն Լենինականում, բայց հենց ինքը` քաղաքն էլ ոչնչացնում է այն: Երևանում հակառակն է: Ամբողջովին կեղծ և սուտ գործունեությունը, մի շարք լրագրողների օգնությամբ, մատուցվում է որպես արվեստ:
Լենինականի հանդիսատեսը մնացել է ամենաանկեղծը, խիստը և օբյեկտիվը, և չի դավաճանել իր վերաբերմունքը դեպի իրական արվեստը: Սա էլ հենց հանդիսանում է քաղաքի կոնցեպցիան: Հիմա քաղաքի ամենամեծ հակասությունը նրանում է, որ յուրաքանչյուրը ձգտում է երևալ քաղաքի փրկիչ, երբ քաղաքը դրա կարիքը բնավ չունի: Ինչո՞ւ է ֆիլմը կոչվում «Վերջին քաղաքը»: Առաջինը` սա Թուրքիայի հետ սահմանային վերջին քաղաքն է, և երկրորդ` սա վերջին քաղաքն է, որտեղ դեռևս պահպանվել է քաղաքային մշակույթը` չնայած անմարդկային պայմաններին: Լենինականցին ամենուր մնում է լենինականցի, իսկ Երևանում անհասկանալի է` ով ում բարեկամն է:
– Փաստորեն տարանջատում եք Գյումրին և Լենինականը… Ըստ Ձեզ՝ փոփոխվել է քաղաքի միայն անո՞ւնը, թե՞ գյումրեցին, որպես տեսակ փոփոխվել ու կորցրել կամ, միգուցե, ձեռք է բերել կարևոր հատկանիշներ:
– Գոյություն ունեն տարբեր տիպի անհիմն կարծրատիպեր, որ լենինականցիները մեծամիտ են, սիրում և գովում են միային իրենց և այլն: Սա մայրաքաղաքային բարդույթավորվածությունն է Լենինականի նկատմամբ ու գալիս է դեռևս սովետական շրջանից:
Իրականում Լենինականը ռոմանտիկ քաղաք է: Եթե չլիներ ռոմանտիկան, ապա լենինականցիները չէին հավատա մի շարք, այսպես կոչված՝ քաղաքական գործիչների: Նույնն էլ տեսանք վերջերս` կապված Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Իրականում բնակիչները քվեարկել էին ոչ թե իր օգտին, այլ ընդդեմ գործող ռեժիմի: Քանի որ այն, ինչ թույլ տվեց իր խոսքում երկրի նախագահը` կապված ընտրություններին տոկոս «խփելու» հետ, վիրավորել էր լենինականցիներին: Լենինականցի լինելը շատ դժվար է, ի տարբերություն երևանցի լինելուց:
– Ե՞րբ հնարավորություն կունենանք տեսնել Ձեր նոր ֆիլմը:
– Ֆիլմն այս տարվա դեկտեմբերի 7-ին պատրաստ կլինի:
– Ձեր նախորդ ֆիլմերի կինոդիտումները Գյումրիում եղել են:
– Ոչ:
– Դուք չեք ցանկացե՞լ, թե՞ չի ստացվել` ժամանակային կամ այլ պատճառներով:
– Իմ նախորդ ֆիլմի հետ կապված խնդիրներ էին առաջացել մեր եկեղեցու հոգևորականների հետ: Հիմա ամեն ինչ նորմալ է: Դա ուղղակի ժամանակի խնդիր է, ավելի շուտ` ժամանակի բացակայության խնդիր:
– Ըստ Ձեզ՝ զարգացման ի՞նչ փուլում է գտնվում հայկական կինեմատոգրաֆիան հիմա: Հետևո՞ւմ եք նկարահանվող հայկական ֆիլմերին: Ձեր մասնագիտական կարծիքը:
– Հայկական կինոն ներկայումս գտնվում է համաշխարհային կինոպրոցեսներից դուրս: Նախկինում հայկական կինոն սովետական կինեմատորգրաֆիայի մաս էր կազմում և ֆիլմերի տարածումն ու ցուցադրությունը աշխարհի 1/6 մասում երաշխավորված էր: Այսօր այս ամենը չկա: Հայաստանում քանդված է կինոֆիկացիայի և կինոպրակատի սիստեմը: Երկրում, որտեղ գործում են սակավաթիվ կինոթատրոններ, կինոարտադրության մասին խոսք անգամ լինել չի կարող: Կինոն լուրջ զենք է, բայց հայկական ֆիլմերի մեծամասնությունն ունեն նույն բովանդակությունը. դրանք կամ սեփական նևրոզների, կամ սեքսուալ բարդույթների մասին են: Հայաստանում այդպես էլ չկազմավորվեց ազգային կինոդպրոց:
– Տեղյակ ենք, որ ծրագրում եք ֆիլմ նկարահանել Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված: Ո՞ր փուլում են գտնվում աշխատանքները:
– Դա դեռևս փակ թեմա է` կապված Հայաստանի անպատրաստ լինելու հետ:
– Գյումրի կամ Լենինական քաղաքի ապագան Ձեր աչքերով…
– Վատ թե լավ, միևնույնն է՝ այստեղ ապրում են մարդիկ, ամեն մեկն իր կյանքով:
Լուսանկարները՝ Յուրի Պավլովի