Բաժիններ՝

Տավուշի մարզում խոզերի աֆրիկյան ժանտա՞խտ կա

Սահմանամերձ Տավուշի մարզի որոշ համայնքներում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ խոզերի անկում է նկատվում: Գյուղացիների մեջ տարածված խոսակցությունների համաձայն` մարզում կրկին գլուխ է բարձրացրել խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը: 168.am-ի թղթակցի հետ զրույցում մարզի Վազաշեն գյուղի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ այս պահի դրությամբ արդեն իսկ 160 և ավելի խոզ է սատկել, իսկ թե արդյո՞ք պատճառը հենց աֆրիկյան ժանտախտն է, ինչպես պնդում են գյուղացիները, գյուղապետը դժվարացավ ասել` նշելով, որ ինքը պաշտոնապես հիվանդության պատճառների մասին չի տեղեկացվել: Սահմանամերձ Վազաշենը պետական սահմանից մի  քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է: Լինելով սահմանամերձ բնակավայր, հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին գյուղի այգիները հիմնականում մնացել են կրակի գոտում և լիովին ոչնչացվել։ Ադրբեջանական դիրքերի հսկողության տակ են գտնվում նաև հարյուրավոր հեկտար այլ հողատարածքներ։ Հրետակոծությունից վնասվել են բնակելի, հասարակական և արտադրական նշանակության կառույցներ, ենթակառուցվածքների ողջ համակարգը: Սահմանամերձ այս գյուղում ևս բազմաթիվ սոցիալական, տնտեսական բազմաթիվ խնդիրներ կան, սակայն վազաշենցին խնդիրներից չի խոսում, ասում է՝ ամեն ինչ լուծելի է, պարզապես իրենց որոշակի աջակցություն է պետք պետության կողմից: Նրանք մինչ օրս չգիտեն` արդյոք այս դեպքում իրենք իրենց ապրուստի միակ միջոցի` խոզերի անկման դիմաց կստանա՞ն փոխհատուցում, թե ոչ: Միայն նշենք, որ մարզի 20 գյուղերում կարանտինային կետեր են դրվել`անորոշ ժամանակով: Թեմային առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները`հեղինակի

Տավուշի մարզ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս