Բաժիններ՝

«Երեկոյան ժամերին փողոց դուրս գալը հանցագործություն կլինի»

Հանրապետության երկրորդ քաղաքի՝ Գյումրիի բնակիչները քաղաքի լուսավորության խնդրի հետ կապված յուրաքանչյուր հարցի այսպես են արձագանքում. «Երեկոյան ժամերին փողոց դուրս գալը հանցագործություն կլինի», «Հիմա դեռ ամառ է, հնարավոր է՝ մինչև 7-ը կամ 8-ը դուրս գալ, բայց երբ օրերը կարճանում են, եղանակն էլ` ցրտում, անհնար է ելնել ուղղակի ման գալ, չգիտես՝ հետ կվերադառնա՞ս, թե՞ ոչ»:

Քաղաքի երկրորդական փողոցների բնակիչները չգիտեն՝ ինչ բան է լուսավորությունը, քանի որ քիչ թե շատ լուսավորված է քաղաքի հրապարակն ու դրան հարակից ճեմափողոցը, սակայն մի քիչ հեռանալիս՝ զգում ես, որ ոտքով տուն հասնել հնարավոր չի լինի: Բացի մթությունից, լուրջ խնդիր է նաև երկրորդական փողոցների վատթար վիճակն ու թափառող շների աղմուկը:

Գյումրի քաղաքի 2013 թվականի բյուջեով՝ քաղաքի փողոցների լուսավորության համար նախատեսված է 182 մլն դրամ: Արդեն օգոստոս ամիսն է, սակայն որևէ շարժ այդ ուղղությամբ՝ տեսանելի չէ, բողոքներն էլ անթիվ են: Քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչները 168.am-ի հետ զրույցում միաձայն նշում են փողոցների լուսավորության բացակայությունն ու դրա կարևորությունը, որը, ըստ նրանց, ի վերջո, կարող է նաև ճանապարհատրանսպորտային բազմաթիվ պատահարների պատճառ դառնալ:

Գյումրիի բնակիչները մտահոգ են նաև վերջին շրջանի թանկացումներից` կապված գազի սակագնի թանկացման հետ, որը, ճիշտ է՝ քաղաքի երթուղային տաքսիների գների վրա դեռևս չեն ազդել, սակայն անհատական տաքսիների  ու տաքսի ծառայությունների վրա իր ազդեցությունը թողել են: Առանց այն էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող քաղաքացիներն ուղղակի չեն կարող իրենց թույլ տալ օգտվել տաքսի ծառայություններից, եթե հանկարծ, պատահաբար երեկոյան ժամերին դեռևս դրսում են: Տաքսու վարորդներն էլ իրենց հերթին չեն համաձայնվում հին, չփոփոխված գներով սպասարկել բնակիչներին:

Ի՞նչ է մնում գյումրեցիներին անել այս դեպքում. պարզ է՝ տնից երեկոյան ժամերին ուղղակի դուրս չգալ, այսինքն՝ «բանտարկված» մնալ, քանի որ վախ կա, որ դուրս գալու դեպքում էլ հետ չես վերադառնա:

Առավել սարսափելի վիճակում են գտնվում քաղաքը հարակից գյուղերին միացնող փողոցները: Երեկոյան ժամերի Ախուրյան գյուղից դեպի Գյումրի տանող ոչ մի տրանսպորտ չի աշխատում: Այս դեպքում դարձյալ միակ հույսը անհատական տաքսի ծառայություններն են, որոնք, սակայն, համեմատաբար ուշ ժամերին կա՛մ անհասանելի են, կա՛մ էլ ստիպված ես լինում կրկնակի վճարել:

Տարին դեռ չի ավարտվել, և գյումրեցիները հույս ունեն, որ Գյումրիի փողոցների լուսավորության խնդիրը տեղական իշխանությունների համար, այնուամենայնիվ, կդառնա առաջնային և ժամանակի ընթացքում կգտնի իր լուծումը:

Գյումրի
Լուսանկարը՝ aravot.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս