Ոստիկանների իրավագիտակցության աստիճանը և գնդապետ Օսիպյանի սուտը (տեսանյութ)
Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի ժամանակ ակտիվիստների և ոստիկանության վիճաբանության գլխավոր թեման վրանի տեղադրման հարցն էր: «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները, ովքեր Երևանի տրանսպորտի սակագնի բարձրացման որոշման ժամանակավոր կասեցումից հետո արդեն մեկ շաբաթ նստացույց են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց` քաղաքային իշխանության մի քանի ներկայացուցիչների պաշտոնանկության պահանջով, երեկ` Մաշտոցի պուրակում կայացած քննարկման ժամանակ, հայտարարեցին, որ իրենց ընկերները նստացույցն անում են եղանակային անբարենապաստ պայմաններում` գիշերը տուժելով ցրտից, ցերեկն էլ` կիզիչ արևից և շոգից, ու այդ պատճառով պատրաստվում էին այսօր քաղաքապետարանի դիմաց տեղադրել վրաններ` նստացույցն ավելի բարվոք պայմաններում շարունակելու համար:
Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը մինչ ակցիայի մեկնարկը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում ասաց, որ ՀՀ օրենսգրքի որևէ հոդվածում չկա մի կետ, ըստ որի` բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներն իրավունք չունեն տեղադրել վրան, ուստի որևէ բան չի կարող խոչընդոտել վրանի տեղադրմանը: Սակայն գնդապետ Օսիպյանն ի պատասխան պնդեց, թե, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ կետի, վրան տեղադրելու համար պետք է դիմել համապատասխան լիազոր մարմնին և ստանալ թույլտվություն, ինչը տվյալ պահին չկա: Վ. Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանությունը վրանի տեղադրումը կդիտարկի որպես «արհեստական սադրանքի փորձ», և տվյալ գործողություն իրականացնողները բերման կենթարկվեն, ինչն էլ հետո տեղի ունեցավ. Ա. Կիվիրյանին բերման ենթարկեցին Կենտրոնի ոստիկանության բաժանմունք:
«172/2 հոդվածը նման բան չի նախատեսում, դուք ակնհայտորեն ստում եք»,- վրդովված պատասխանեց Արգիշտի Կիվիրյանը:
Ներկայացնում ենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածն ամբողջությամբ (ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքի), որը, մեղմ ասած, այնքան էլ կապ չունի մարդու ազատությունների և վրանի տեղադրման իրավունքի հետ:
Հոդված 172. Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը
1. Օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք
ձեռք է բերում այդ անձը:
Գույքի օգտագործման հետեւանքով ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերվում սույն օրենսգրքի 144 հոդվածով նախատեսված հիմքերով:
2. Սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը:
3. Քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:
4. Իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդ իրավաբանական անձին (իրավաբանական անձանց):
5. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
6. Բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը եւ փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի քրեադատավարական իրավունքների վարչության պետ Ռուբեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, ընգծեց, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ չկա բողոքի ակցիայի ժամանակ վրան տեղադրելու որևէ ուղղակի արգելք:
Նա հիշեցրեց, որ Հայաստանի օմբուդսմենը նախկինում արդեն մի քանի անգամ անդրադարձել է խաղաղ հավաքի մասնակիցների` 2 և ավելի անձանց կողմից վրանի տեղադրման իրավաչափության խնդրին:
«Այս դեպքում պաշտպանն ունի միայն խորհրդատվական բնույթի պարզաբանումներ տալու և առաջարկություններ անելու իրավունք: Տվյալ դեպքում մենք պետք է հաշվի առնենք մի քանի հանգամանք. օրինակ, եթե խաղաղ ակցիան իրականացվում է, և կա վտանգ, որ խաղաղ ակցիա իրականացնող անձի առողջությանը և կյանքին կարող է վտանգ սպառնալ, օրինակ` արևից, ցրտից, քամուց, անձրևից և այլն, այդ դեպքում, ինչպես Հայաստանի ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններով, այնպես էլ մեր Սահմանադրությամբ և օրենքներով, արդեն պոզիտիվ պարտականություն է ապահովել քաղաքացուն նման միջոցներով: Բայց այս դեպքում պետք է հաշվի առնել մի քանի հանգամանքներ, թե արդյոք կա՞ այդ վտանգը, թե՞ չկա, արդյոք հնարավո՞ր է վրանը փոխարինել հովանոցով, թե՞ ոչ»,- ասաց Ռուբեն Մարտիրոսյանը:
ՄԻՊ գրասենյակի քրեադատավարական իրավունքների վարչության պետը նաև նշեց մի քանի այլ հանգամանքների մասին, որոնք նույնպես կարևոր են բողոքի խաղաղ ակցիաները դիտարկելու ժամանակ, օրինակ` պետք է հաշվի առնել, թե արդյոք խաղաղ ցույցի մասնակիցները փակե՞լ են այն շինության (տվյալ դեպքում` Երևանի քաղաքապետարանի) մուտքերը, որի մոտ անցկացվում է ակցիան, որովհետև, Ռ. Մարտիրոսյանի խոսքերով, ոստիկանության պարտականությունն է ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շինությունների ազատ մուտքն ու ելքը:
«Բայց որ միանշանակ ասել, որ, այո´, հավաք է, և հիմք ընդունենք քաղաքացիական օրենսգրքի այս նորմը, թե չի թույլատրվում վրան տեղադրել, դա մի փոքր ճիշտ չէ»,- ավելացրեց Ռուբեն Մարտիրոսյանը: