Իշխանության շահը՝ քաղաքացիական պայքարում

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ալիքը թևակոխել է նոր՝ արտաքուստ ավելի հանգիստ փուլ, որն ամենևին չի նշանակում, որ կարելի է խոսել շարժման թուլացման կամ դրա մարելու մասին: Բողոքի ակցիաների մեկշաբաթյա ակտիվ շրջանը ցույց տվեց, որ ցանկացած «կայծից» շարժումը կարող է լիցք ստանալ, և, գոնե այս պահին, քաղաքացիական շարժման շարունակության հնարավորությունը միանգամայն տեսանելի է:
Բողոքի ակցիաների այս հարաբերական անդորրը կամ ակտիվ փուլի ընդմիջումը հնարավորություն է նաև գնահատելու դրանց դրական ու բացասական կողմերը, ձեռքբերումներն ու սխալները:

Առաջին հերթին՝ ակտիվիստների, շարժումը նախաձեռնողների համար: Բնականաբար, եթե ուղղակի հարցադրում հնչեցվի՝ ի՞նչ տվեց քաղաքացիական շարժումը, պատասխանը միանշանակ է՝ հաղթանակ: Թեկուզ միջանկյալ, կարճաժամկետ, բայց հաղթանակ, որը շարժման շարունակականության ամենամեծ նախադրյալներից մեկն է: Եվ միանգամայն բնական ու ողջունելի է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ուղեվարձի թանկացման որոշումը կասեցնելուց անմիջապես հետո շարժման ակտիվիստները չընկան էյֆորիայի մեջ և գիտակցեցին, որ դա ընդամենը ժամանակավոր հաղթանակ է, և իրենց նպատակը դարձրեցին այդ հաղթանակի վերջնական ամրագրումը:
Քաղաքացիական պայքարի ծավալման առաջին իսկ օրերից կրկին օրակարգում հայտնվեց քաղաքացիականություն-քաղաքականություն հակադրությունը: Քաղաքական ուժերի փորձերը՝ ներգրավվել շարժմանը, անմիջապես կասեցվեցին, քանի որ ապաքաղաքականությունն ի սկզբանե հռչակվել էր՝ որպես բողոքի ակցիաների նախապայման:

Դրա պատճառն, անշուշտ, ոչ իշխանական, ընդդիմադիր քաղաքական ուժերի վարկաբեկվածությունն ու հեղինակազրկվածությունն է, մինչև այժմ նրանց կողմից ցուցաբերված պայքարի անարդյունավետությունը, քաղաքական կոնյունկտուրային հարմարվողականությունը, տեղ-տեղ համագործակցությունն իշխանությունների հետ: Պատճառների  այս շարքը կարելի է շարունակել, բայց, ի վերջո, խնդիրը հանգում է նրան, որ քաղաքական ուժերի վատ աշխատանքի պատճառով է նաև, որ քաղաքացիական պայքարը չի ընդունում քաղաքական միավորների: Սակայն մյուս կողմից, օբյեկտիվ ու հիմնավոր լինելով՝այդ չընդունումը քաղաքացիական պայքարը նախընտրելի  է դարձնում իշխանության համար: Իշխանությունն, ի դեպ, չի էլ թաքցնում
դա:

Օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անցած շաբաթվա նիստում բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության դերը, ասել էր. «Ցանկանում եմ կառավարության նիստը սկսել վերջին օրերին Երևան քաղաքում հասարակական շարժման հետ առնչվող խնդիրներից: Առաջին, մենք տեսնում ենք, որ սա մարդկանց ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ, չնայած վերջին օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ կուսակցություններ, իհարկե, ցանկանում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է՝ տրանսպորտի սակագների փոփոխության վերաբերյալ…»:

Գրեթե նույնը կրկնել էր նաև վարչապետի կուսակից, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Իհարկե, ինձ ոգևորում է համերաշխության այն մթնոլորտը, որ տիրում  է քաղաքում: Ես ուրախանում եմ այս միախմբվածությամբ, որը, ի պատիվ կազմակերպիչների՝ չունի քաղաքական երանգ, քաղաքական ուժերի մոտ  մեր քաղաքացիներին շահագործել չի ստացվում…»:

Այսինքն՝ իշխանության համար քաղաքականության հետ կապ ունեցող ցանկացած երևույթ «քըխ» է, իսկ քաղաքացիական պայքարը ողջունելի է, քանի որ կապ չունի քաղաքական ուժերի հետ:

Քաղաքացիական պայքարը՝ ուղղված լինելով իշխանության դեմ, վերջինիս համար դրական է այն իմաստով, որ զուգահեռաբար ուղղված է նաև քաղաքական ուժերի, քաղաքական համակարգի դեմ: Իշխանությունը տարիներ շարունակ ամեն ինչ արել է քաղաքական համակարգը ոչնչացնելու, վարկաբեկելու համար, ինչը, դժբախտաբար, մեծ հաշվով հաջողվել է: Իսկ այսօրվա քաղաքացիական պայքարն ակամայից նպաստում է քաղաքական համակարգի վարկաբեկմանը, ինչում իշխանությունը տեսնում է իր շահը: Դա, իհարկե, ամենևին չի նշանակում, թե քաղաքացիական ակտիվիստները պետք է իրենց տեղը զիջեն քաղաքական ուժերին, առավել ևս՝ վերջիններիս ներկայիս դեգրադացվածության պայմաններում:

Սակայն քաղաքացիական ակտիվիստները սկզբունքորեն չվանելով քաղաքական ուժերին՝ կարող են վերջիններիս պարտադրել և՛ որակական, և՛ կառուցվածքային փոփոխություններ, որպեսզի քաղաքացիական բողոքը քաղաքական դրսևորում կամ ձևակերպում ստանա: Իշխանությունն իրականում մտահոգվում է հենց այս հեռանկարից, քանի որ քաղաքացիական բողոքը, որքան էլ ընդգրկուն լինի, կարելի է հաղթահարել՝ ինչ-ինչ  պահանջներ բավարարելով: Իշխանությունը ժամանակ առ ժամանակ կարող է անգամ զոհաբերել որոշ պաշտոնյաների՝ քաղաքացիական պայքարի հաղթանակն ավելի առարկայական դարձնելու համար: Իշխանության խնդիրն այն հարցում այն է, որպեսզի բողոքի ալիքը չվերաճի ամբողջական իշխանափոխության պահանջի: Դա հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական ուժերին մոտ չեն թողնում քաղաքացիական ուժերին:

Տեսանյութեր

Լրահոս