Բաժիններ՝

Սիրիայի քրդերի ինքնակառավարումը և թուրքական զգուշացումները

Հյուսիսային Սիրիայում քրդական իրողական ինքնավարությունը հետզհետե ձեւավորվում է ու կայանում: Ներքրդական բանակցություններն արդեն խոսում են իրողական ինքնավարությունը իրավական հարթություն տեղափոխելու մասին: Եվրոպական կառույցներին այս առումով դիմումներ են կատարվում և ներկայացուցչական հաստատություններ առաջացնելու ուղղությամբ բարձրաձայն քննարկումներ են տեղի ունենում: Իբրև թե փակ խորհրդակցություններից արտահոսքի ձեւով դուրս եկած տեղեկություններ են հրապարակվում այս բոլորը հաստատող: Նույնիսկ ինքնավար Քուրդիստանի սահմանադրության նախագիծը հրապարակային քննարկման ենթակա է:

Այս բոլորը անշուշտ հանրային կարծիքը պատրաստելու համար է, թէ Սիրիայում քրդական ինքնավարությունը կայացման ընթացքի մեջ է և իբրև քաղաքական միավոր ճանաչման հրամայական պիտի առաջադրի: Առաջատար ուժը Ժողովրդավարական միություն կուսակցությունն է, որ այս ուղղությամբ քրդական տարբեր խմբավորումների հետ  է բանակցում:

Առաջադրանքները, որոնք հայտարարվում են Ժողովրդավարական միություն կուսակցության  կողմից, փորձում են զգուշավորություն պահել: Նրանք խնդրո առարկա չեն դարձնում Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ավելի օգտագործում են ինքնակառավարում բառակապակցությունը: Զգուշավորությունը սակայն երկկողմանի է. և հակառակ սիրիական տարբեր ճակատների հետ արձանագրված սահմանափակ միջադեպերին, թե՛ կառավարական և թե՛ հակակառավարական ուժերը զգուշավորության սահմանագիծը թվում է թե հարգում են քրդերի նկատմամբ:

Խնդիրը սակայն, սիրիական կողմերի նկատմամբ և փոխադարձաբար կիրառվող քաղաքականություններին չի վերաբերում, որքան այս զարգացումներով հիմնական մտահոգ և անհանգիստ վիճակ ցուցաբերող Անկարային:

Թե՛ թուրքական եւ թե՛ միջազգային մամուլը խոսում է անցնող ուրբաթ Անկարայից հնչած  ազդարարության մասին: Վարչապետ Էրդողանը զգուշացրել էր քրդերին հյուսիսային Սիրիայում Թուրքիայի անվտանգությանը սպառնացող քայլեր առնելիս` ակնարկելով ինքնավար Քուրդիստանի հայտարարության հավանականությանը:

Նման ոճով, կիսասպառնական հայտարարություններով Անկարան միայն Սիրիայի վարչակարգին և Սիրիայի քրդերի հետ չէ, որ խոսում է: Եգիպտոսում ծայր առած շարժումը, իսլամական վարչակարգի տապալումը հայտնապես խոր անհանգստության է մատնել Թուրքիայի իսլամական վարչակարգի ղեկավարներին: Կահիրեի և Անկարայի իշխանությունների երևութական դիմագծերը, անշուշտ տարբեր հանգամանքներով ու պայմաններով զուգահեռներ ունեն (ունեին): Իսլամական վարչակարգերը, որոնց հակակշիռը զինվորականությունն է, որ երկրի ու պետության շահերից մեկնած միջամտություն կատարելու մղձավանջի տակ է պահում գործող իշխանություններին:

Իսլամական վարչակարգի տապալումը Կահիրեում կշարունակի անհանգիստ վիճակում պահել նույն բնութագիրը ունեցող թուրքական իշխանություններին: Առանց մոռանալու, անշուշտ, որ Եգիպտոսը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան հիմնական մրցակիցներ են արաբական աշխարհի և հատկապես սուննի զանգվածի վրա ազդեցություն բանեցնելու առաջնային գործոնի դիրքը գրավելու մրցավազքում:

Սակայն, եթե Եգիպտոսում գաղափարակից վարչակարգի տապալումը անհանգստացնում է Անկարայի վարիչներին, Սիրիայում քրդական ինքնավարության կայացումով համաքրդական միավորման ուրվականը շատ ավելի խոր տագնապի է առաջնորդում Էրդողանին ու իր վարչախմբին: Այս մեկը արդեն Թուրքիայի տարածքային ամբողջականությանը սպառնացող լրջագույն վտանգ է, որը օրից  օր ավելի տեսանելի  է դառնում:

Հիմա նայենք ընդհանուր համապատկերին` Անկարայից դիտված: Վայրիվերումներով հատկանշվող և հաճախ մրցակցային լարվածությամբ դրսևորվող հարաբերություններ Իրանի հետ. ոչ միայն խզված, այլ թշնամական հարաբերություններ Դամասկոսի հետ, սպառնական մոտեցումներ հյուսիսային Սիրիայում ստեղծված ինքնավար Քուրդիստանի հետ: Եվ փակ սահմաններ Հայաստանի Հանրապետության հետ:

Հիշե՞նք, որ ոչ հեռու անցյալում Անկարայի արտգործնախարարությունը հոխորտում էր «զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսով:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս