Ջոն Քերիի գործելու ժամանակն է. ՌԴ-ը կարող է յուրաքանչյուր պահի վերստին բորբոքել Ղարաբաղյան հակամարտությունը. The National Interest

Ամերիկյան The National Interest պարբերականում հուլիսի 24-ին հրապարակվել է «Համաշխարհային կղզի. Եվրասիական աշխարհաքաղաքականություն և Արևմուտքի ճակատագիրը» գրքի (2007) հեղինակ Ալեքսանդրոս Պետերսենի «Քերի՛, զբաղվի՛ր Ղարաբաղով» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Հունիսի վերջին համայն աշխարհի մամուլը հայտնեց, որ Ադրբեջանը վերջնական ընտրություն կատարեց արտահանման գազատարի շուրջ, որով նրա բնական գազը կհայտնվի եվրոպական շուկայում (2013 թվականի հունիսի 28-ին «Շահ Դենիզ» կոնսորցիումը պաշտոնապես ընտրեց «Անդրադրիատիկ» (Trans Adriatic Pipeline, TAP) գազատարի նախագիծը՝ նույնանուն գազային հանքավայրի գազը Եվրոպա արտահանելու համար – 168.am):

Դա պահանջեց ավելի քան 10 տարի և Վաշինգտոնի ակտիվ միջամտությունը՝ հանձինս ԱՄՆ եվրասիական էներգոպաշարների գծով հատուկ ներկայացուցչի: Քլինթոնի նախագահության առաջին ժամկետից սկսած՝ այդ նպատակին հասնելու համար պահանջվել են գաղտնի մանևրներ՝ տվյալ առաջնահերթություններին տապալմանը միտված ռուսական պլանները շրջանցելու համար:

Մոսկվան փորձել է պահպանել Կենտրոնական Ասիայի գծով իր նախկին արբանյակների՝ ռուսական գազի մատակարարումներից ունեցած կախվածությունը, ինչպես նաև նրանց դարձնել խոցելի՝ աշխարհաքաղաքական մանիպուլացման համար, և այդ նպատակով 2000-ական թվականներին քանիցս ձմռան կեսերին անջատել է գազը:

Ներկայումս այդ խնդիրը հիմնականում լուծված է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի վարած էներգետիկ բարդ դիվանագիտության շնորհիվ: Սակայն Մոսկվայի ձեռքին դեռ կան հաղթաթղթեր: Ադրբեջանը Եվրոպային միացնող գազամուղերն ամեն դեպքում պետք է անցնեն հարևան Հայաստանի շրջանցմամբ՝ դժվար լուծվող Ղարաբաղյան հակամարտության պատճառով:

«Սառը պատերազմի» ավարտից սկսած՝ այդ սառեցված հակամարտությունը դարձել է հեռավոր, խճճված, որևէ դիվիդենդ չտվող հակամարտության հոմանիշ, որի հետ Վաշինգտոնը չի ցանկացել որևէ առնչություն ունենալ: Սակայն տվյալ դեպքում դա ընդհանրապես էլ սառեցված հակամարտություն չէ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ մխացող հակամարտություն է:

Եգիպտոսի և Սիրիայի ճակատագիրն անորոշ է, իսկ Քերին խրվել է պաղեստինա-իսրայելական դիմակայության հավերժ փակուղում, և այդպիսի պայմաններում Լեռնային Ղարաբաղը Պետդեպարտամենտին հնարավորություն է տալիս խոշոր պատմություն գրել՝ տվյալ հակամարտության լուծման դեպքում:

Սակայն քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարանում են օրեցօր, Ղարաբաղը կդառնա Իրանին սահմանակից և Աֆղանստանից զորքերի դուրս բերման համար կարևոր միջանցք հանդիսացող տարածաշրջանում ամերիկյան շահերի դեմ ուղղված սեպ: Ռուսաստանն արդեն վաղուց հանդես է գալիս որպես Հայաստանի բարեխոս ու հովանավոր:

Մոսկվան այդ երկրում ունի խոշոր ռազմաբազա, ինչպես նաև Հայաստանին պաշտպանելու մասին պայմանագիր՝ նրա հարձակման ենթարկվելու դեպքում: Քանի որ Ադրբեջանը գնալով դառնում է ԱՄՆ-ի՝ ավելի ու ավելի հավատարիմ դաշնակից՝ օգնելով նրան աֆղանական ու իրաքյան թատերաբեմերում, Մոսկվան սառել է Բաքվի հանդեպ:

Եթե Մոսկվան ցանկանա կասեցնել ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներին բնական գազի ռազմավարական կարևորության մատակարարումները կամ էլ պարզապես ի ցույց դնել գեոռազմավարական առումով այդ կարևոր տարածաշրջանում իր կռվարարությունը, ապա նա կարող է յուրաքանչյուր պահի վերստին բորբոքել Ղարաբաղյան հակամարտությունը՝ քաոս առաջացնելով Իրանի հյուսիսային սահմանին և Թուրքիայի արևելյան սահմանին:

Նախադեպեր արդեն իսկ եղել են. համանման հակամարտությանը միջամտելու պատրվակով Ռուսաստանը 2008 թվականին իր զորքերը մտցրեց հարևան Վրաստան: Թեև այն ժամանակ շատ էին խոսում հակամարտությանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ենթադրյալ ձգտմանը, գրեթե բոլոր լուրջ վերլուծաբանները եկան այն եզրակացության, որ նախապես պլանավորված ռուսական ներխուժման նպատակը եղել է ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ Վրաստանի չափազանց շատ մերձեցումը թույլ չտալը

(2011 թվականի նոյեմբերի վերջերին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Վլադիկավկազում գտնվող 58-րդ բանակի շտաբում սպաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 2008 թվականի պատերազմի հետևանքներից մեկը եղավ այն, որ ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ մյուս երկրները, որոնց ՆԱՏՕ-ին անդամակցելուն դեմ է հանդես եկել Ռուսաստանը, այդպես էլ չանդամակցեին դաշինքին, և այսօր կլիներ աշխարհաքաղաքական այլ դասավորվածություն – 168.am):

Պետք է արժանին մատուցել Քերիին, ով քանիցս խոստովանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների փնտրտուքի կարևորությունը: Ոչ վաղ անցյալում Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Քերին հայտարարեց, որ ներկա պահին կարգավորումը «բացառապես կարևոր է» բազում պատճառներով, որոնց մասին նշվեց նախապես:

Քերին հայտնվել է բացառիկ իրավիճակում, և նա ի վիճակի է գործընթացն ուղղել խաղաղ կարգավորման հունով: Ադրբեջանն ԱՄՆ-ի մերձավոր գործընկերն է, սակայն Քերին վայելում է հայերի հատուկ վստահությունը, քանի որ ի սկզբանե ներկայացրել է ԱՄՆ-ում Հայկական ակտիվ սփյուռքի շահերը՝ հանդիսանալով Մասաչուսեթսի նահանգապետ:

Սակայն Պետքարտուղարի պաշտոնում հաջողության հասնելու համար Քերիին անհրաժեշտ է մի փոքր փոխել իր մոտեցումը: Ղարաբաղի վիճելի տարածքին առնչվող տարաձայնությունների էությունը կայանում է նրանում, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել նրա վերջնական կարգավիճակի շուրջ: Սակայն ի սկզբանե դատապարտված են եղել վերջնական կարգավիճակի շուրջ որևէ, թեկուզև ոչ պաշտոնական պայմանավորվածության հասնելու փորձերը:

Դա անելը նշանակում է սայլը դնել ձիու առջև: Ղարաբաղի հարցում բեկում գրանցելը, ինչպես նաև Օբամայի վարչակազմի համար արտաքին քաղաքական ոլորտում չափազանց անհրաժեշտ հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե պետքարտուղար Քերին բարձր մակարդակի բանակցություններում հանդես գա միջնորդի դերում և եթե առանց որևէ նախապայմանների ձեռք բերվի էական գործնական առաջընթաց:

Բանակցային սեղանին են մնում բոլորին քաջ հայտնի պլանները՝ կապված կարգավորման և վերջնական կարգավիճակի հետ: Կողմերն ունեն դրա վերաբերյալ իրենց կարծիքները, և նրանք չեն պայմանավորվի, քանի դեռ պահպանվում է ստատուս-քվոն: Եվ Քերին վերջին տարիներին ամենահարմար պետքարտուղարն է, ով կարող է հրավիրել այդպիսի բանակցություններ: Նրանից լավը պարզապես չկա:

Ղարաբաղը ոչ թե անկանոն սառեցված հակամարտություն է, այլ՝ բարենպաստ հնարավորություն, որը սպասում է այն պահին, թե երբ իրենից կօգտվի ներկայիս վարչակազմը: Իսկ հաշվի առնելով ի վնաս ԱՄՆ-ի այդ հակամարտությունը խորացնելու Ռուսաստանի ունակությունը՝ չի կարելի ոչ մի կերպ բաց թողնել տվյալ հնարավորությունը»:

Տեսանյութեր

Լրահոս