Բաժիններ՝

Քաղաքացիական դեմպինգի հաղթանակը

Ասում են՝ որսորդական շունը վազում է եղջերվի ետևից։ Եղջերուն վազքի ժամանակ գլուխը շրջում է և ասում՝ դու երբեք ինձ չես հասնի։ «Ինչո՞ւ»,- զարմանում է շունը։  «Որովհետև ես վազում եմ, որ կյանքս փրկեմ, իսկ դու՝ որպեսզի հաճոյանաս տիրոջդ»,- պատասխանում է եղջերուն։ «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան գնալով թափ է հավաքում։ Օրինակ՝ այսօր ակցիային միացել են միկրոավտոբուսներ, որոնք անվճար տեղափոխում են ուղևորներին։ Ակցիային միանում են նոր մարդիկ՝ ճանաչված և հեղինակություն վայելող։ Իշխանության հակաքայլերը, որոնք սահմանափակվում են մի քանի բռի գծատերերի հարայ-հրոցներով և Ոստիկանության միջամտությամբ, արդյունք չեն տալիս։ Ակցիայի մասնակիցները մեկ քայլ առաջ են գծատերերից և իշխանություններից՝ իրենց հնարամտությամբ։ Իսկ հաջողության գաղտնիքն այն է, որ նրանք ամբողջությամբ գործում են օրենքի շրջանակներում։ Չեն կանգնում երթուղայինների առջև կամ բռնություն չեն գործադրում վարորդների նկատմամբ։ Նրանք պարզապես կոչ են անում՝ չվճարել 150 դրամ (ինչն օրենքով արգելված չէ), և սեփական մեքենաներով տեղափոխում են կանգառներում հավաքված մարդկանց։ Հատկապես վերջին քայլը բավականին հետաքրքիր է և հայաստանյան իրականության մեջ աննախադեպ։ Փաստորեն՝ հասարակությունն ինքնակազմակերպվում է և իրականացնում «դեմպինգ» իշխանության նկատմամբ։ Դեմպինգը բիզնեսում կիրառվող մեթոդ է, երբ մրցակիցներից մեկն արհեստականորեն իջեցնում է գները (անգամ՝ ի վնաս իրեն), ինչի արդյունքում՝ մյուս մրցակիցների համար աշխատելը դառնում է վնասաբեր, և նրանք դուրս են մղվում շուկայից։ Ակցիայի մասնակիցները նույն բանն իրականացնում են քաղաքային իշխանությունների և գծատերերի դեմ՝ ոչ թե ցածր գին առաջարկելով, այլ առաջարկելով անվճար տեղափոխում։ Ընդ որում, դեմպինգային քաղաքականությունն արգելված է, սակայն այս դեպքում պետությունն անզոր է որևէ բան անել, որովհետև այս շարժման յուրաքանչյուր անդամ գործում է՝ որպես անհատ, և իր քայլերը ներկայացնում՝ որպես սեփական կամքի դրսևորում։ Եվս մի կարևոր գործոն։ Հայաստանյան քաղաքական (ընդդիմադիր) կուսակցությունները, որոնցից ժողովուրդն արդեն բավականին հիասթափված է, այս շարժման դրոշակակիրը չեն, ինչն այս ալիքը դարձնում է ավելի, այսպես ասած, մաքուր և լուրջ հասարակական բնույթ է հաղորդում նրան։ Ճիշտ է՝ վարկածներ են հնչում, որ այս ամենն իրականում կազմակերպված բնույթ է կրում և ուղղորդված է իշխանական թևերից մեկի կողմից, սակայն դա ընդամենը վարկած է, որը որևէ կոնկրետ փաստով հիմնավորված չէ։ Դրա համար էլ բարիկադների հակառակ կողմում ատամներն են կրճտացնում։ Հակաքայլ չկա։ Մեր պետական չինովնիկների մեծ մասը սովոր է լճացած ապրել և աշխատել. նրանց ուղեղին հակացուցված է որևէ նոր և հնարամիտ բան մտածել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս