Այս անգամ Տարոնին «սիրուն չի» կասի Տիգրան Սարգսյանը
Մինչ հարյուրավոր երիտասարդներ արդեն 5-րդ օրն ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում, երեկ ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը բաց նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Բավական սրտաճմլիկ երանգներով նկարագրելով այս օրերին Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ իրականացվող բողոքի ակցիաների շարժառիթները, մարդկանց սոցիալական ծանր վիճակը, «հանրային երիտասարդները» կոչ են անում վարչապետին՝ չեղյալ հայտարարել տրանսպորտի թանկացման որոշումը:
«Քանի որ ակնհայտ է, որ մարդիկ պատրաստ չեն գնալու զիջումների այս հարցի շուրջ, մեր կարծիքով՝ տրանսպորտի թանկացման որոշման չեղյալ համարումն այս հարցի լավագույն լուծման տարբերակն է: Հուսով ենք, որ Դուք կլսեք մեր առաջարկությունը` հանուն սոցիալական կայունության և ի շահ ՀՀ քաղաքացու»,- Տիգրան Սարգսյանին ուղղված նամակում հույս են հայտնում նամակի հեղինակները: Նրանք, ի դեպ, «ապահովության համար» նաև նշել են. «Լինելով հասարակական և քաղաքական կայունության կողմնակից` մենք խնդրում ենք Ձեզ մի շարք քայլեր ձեռնարկել, որոնք դուրս կբերեն մեր երկիրը առկա իրավիճակից»: Այսինքն՝ ուզում են ասել՝ մեզ չխառնեք փողոցներում «քաղաքական կայունությունը խարխլողների» հետ:
Հաշվի առնելով այս նամակի «սկզբնաղբյուրը», այն կարող է որոշակի «դերակատարություն» ունենալ ստեղծված իրավիճակի հանգուցալուցման հարցում և որոշակիորեն դառնալ նվեր՝ Տիգրան Սարգսյանի համար: ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդը, ինչպես հայտնի է, ղեկավարում է Տիգրան Սարգսյանի երբեմնի կուսակցական ղեկավար Վազգեն Մանուկյանը, ում հետ գործող վարչապետը պահպանում է իր հարաբերությունները:
Ավելին՝ Վազգեն Մանուկյանը հրապարակավ դժգոհություն էր հայտնել, որ Տիգրան Սարգսյանի «ձեռքերն ու ոտքերը կապված են»՝ ակնարկելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը նրան հնարավորություն չի տալիս ինքնուրույն քայլեր կատարել: Ու հիմա, Վազգեն Մանուկյանի գլխավորած կառույցի «երիտթևը» նման նամակ է հղում Տիգրան Սարգսյանին: Հասկանալի է, որ Նախագահին կից կառույցի երիտասարդները նույնիսկ «Ձմեռ պապիկին» նամակ չեն գրում՝ առանց վերադասի հետ համաձայնեցնելու կամ վերևից ստացված հրահանգի: Այսինքն՝ «հանրային երիտասարդների» այս նամակը, մեծ հավանականությամբ, հավանության է արժանացել նախագահականում, իսկ դա նշանակում է, որ կարող է որոշիչ նշանակություն ունենալ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ալիքի հանգուցալուծման հարցում:
Այսինքն՝ բացառված չէ, որ արձակուրդում գտնվող Սերժ Սարգսյանը որոշել է այս անգամ «Տարոն ջան, սիրուն չի» ասելու լիազորությունը տրամադրել Տիգրան Սարգսյանին, ինչը վերջինիս համար «օֆշորային սկանդալից» հետո որոշակիորեն ռեաբիլիտացվելու հնարավորություն կլինի, հասարակության գոնե մի մասը Տիգրան Սարգսյանին կտեսնի իր շահերը պաշտպանողի դերում: Թե ինչ ձևակերպմամբ կարտասանի Տիգրան Սարգսյանը «Տարոն ջան, սիրուն չի» արտահայտությունը, երկրորդական է: Բացառված չէ, որ հենց կառավարության առաջիկա նիստում՝ վաղը, Տիգրան Սարգսյանը, սովորության համաձայն, երկարաշունչ դասախոսություն կարդա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, քաղաքացիական հասարակությանն ընդառաջ գնալու՝ իշխանությունների պարտքի մասին ու Տարոն Մարգարյանին հանձնարարի «վերահաշվարկել» տրանսպորտի սակագնի հիմնավորումները: Մնացածն արդեն տեխնիկայի հարց է: