Արա Աբրահամյան. Միշտ մեր ազգի մեջ եղել են այդպիսի անկապ, անպատասխանատու մարդիկ
Վերջերս Հրաչյա Հարությունյանի դեպքի հետ կապված մի խումբ հայազգի ռուսաստանցիներ բաց նամակով դիմել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին` նրան կոչ անելով այլեւս չզբաղվել Ռուսաստանի հայերի գործերով կամ վերանվանել իր ղեկավարած կազմակերպությունը:
Ինտերնետում այս կապակցությամբ նույնիսկ ստորագրահավաք է սկսվել:
Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով այս փաստը, նշել է, որ ինքը բոլոր այդ մարդկանց կոչ է անում խոսելու փոխարեն գործել եւ օգուտ տալ Ռուսաստանում բնակվող 2,5 միլիոն հայերին:
«Գիտեք ինչ կա, ես անպատասխանատու հայտարարություններին չեմ պատասխանում: Ցավոք սրտի միշտ մեր ազգի մեջ եղել են այդպիսի անկապ, անպատասխանատու մարդիկ եւ շատ հանգիստ, փիլիսոփայաբար եմ վերաբերվում: Ինչ մնում է, որ լուրջ պատասխանեմ` ես կարող եմ ասել` եթե մի որեւիցե հայ Ռուսաստանում ինչ-որ խնդիրներ ունի, ինքը կարող է դիմել մեր հայերի միություն. 24 ժամ մեր կազմակերպություններն աշխատում են, 640 մասնաճյուղ կա: Եթե իրենց չի բավարարում Ռուսաստանի հայերի միության աշխատանքը, իրենք կարող են որեւիցե մի ընկերություն բացել հասարակական, օրենքը թույլ է տալիս, եւ այդ կազմակերպության միջոցով իրենք ավելի լավ գործ անեն, դառնան օրինակելի մեզ համար, մենք էլ տեսնենք` իրենցից սովորենք»,- ասել է Արա Աբրահամյանը::