Բաժիններ՝

Գյումրիում դեռևս տրանսպորտի գնի բարձրացման վերաբերյալ սպասարկող ընկերությունները հայտեր չեն ներկայացրել

Վերջին շրջանում մեծ աղմուկ հանած գազի թանկացմանը զուգընթաց՝ մեծ աղմուկ են առաջացրել նաև դրանից բխող թանկացումները, մասնավորապես՝ տրանսպորտի ոլորտում: Երևանում տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոս թանկացումից անհանգիստ են նաև Գյումրիի բնակիչները: Փորձեցինք պարզել, թե հանրապետության երկրորդ քաղաքում ի՞նչ միտումներ կան` կապված տրանսպորտի գնի բարձրացման հետ: 168.am-ի հետ զրույցում  Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Եղոյանը նշեց, որ տրանսպորտի ուղեվարձի հետ կապված փոփոխություններ քաղաքում դեռևս չեն սպասվում, քանի որ տվյալ փոփոխությունները կապված են գների փոփոխության նպատակով սպասարկող ընկերությունների կողմից հայտերի ներկայացման հետ: Իսկ գների բարձրացման հետ կապված և ոչ մի հայտ չի ներկայացվել: «Նույնիսկ 10 դրամի բարձրացման հարց դեռևս չկա»,- նշեց պարոն Եղոյանը:

Նշենք նաև, որ փոփոխություններ չեն նկատվում նաև Գյումրի-Երևան երթուղային տաքսիների և անհատական տաքսիների գների հետ կապված: Գործում է նաև Գյումրի-Երևան գնացքը, որը, երթուղայինների և անհատ տաքսիների ուղեվարձի համեմատ`  ավելի էժան է: Փոխադրման արժեքը 1000 դրամ է:

Այլ է իրավիճակը գյուղական համայնքներից Գյումրի գնացող տաքսիների դեպքում: Որոշ գյուղերի բնակիչներ արդեն դժգոհում են, որ տաքսիստները նախկին 100 դրամի փոխարեն՝ հիմա վերցնում են 150 դրամ: Գների բարձրացում է նկատվել Ախուրյան գյուղից Գյումրի գնացող տաքսիների շրջանում:

Եթե տրանսպորտի գնի բարձրացումներ հետագայում, այնուամենայնիվ, լինեն Գյումրի քաղաքում, ապա  նման փոփոխությունները հաստատ անարձագանք չեն մնա: Քաղաքում առկա է երիտասարդ ակտիվիստների  մի ստվար զանգված, ով շատ սուր կերպով է արձագանքում նման յուրաքանչյուր փոփոխության, որն ուղղակիորեն ազդում է  նախևառաջ անապահով ընտանիքների կենսամակարդակի վրա: Կարելի է համոզված լինել, որ, եթե Գյումրի քաղաքում տրանսպորտի գնի բարձրացումներ այնուամենայնիվ լինեն, ապա այդ քայլը քաղաքացիների կողմից անպատասխան չի մնա:

Գյումրի  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս