Մեծ Բրիտանիայում ողջունել են գահաժառանգի ծնունդը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում ողջունել են գահաժառանգի ծնունդը. Քեմբրիջյան դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթը որդի են ունեցել, ով դարձավ բրիտանական գահի թվով երրորդ ժառանգորդը՝ իր պապ Չառլզից և հայր Ուիլյամից հետո:
Գահաժառանգը ծնվել է տեղական ժամանակով 16.24-ին, Լոնդոնի արևմուտքում գտնվող սուրբ Մարիա հիվանդանոցում: 31 տարի առաջ հենց այս հիվանդանոցում է ծնվել արքայազն Ուիլյամը:
Նորածնի քաշը կազմել է 8 ֆունտ 6 ունցիա, ինչը մոտավորապես հավասար է 3.8 կիլոգրամի: Նորածինն ու մայրը գիշերն անցկացնելու են հիվանդանոցում:
Երեխայի սեռը գաղտնի էր պահվել մինչև բուն ծննդաբերություն:
Թագավորական ավանդույթներին համապատասխան, Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը չէին բացահայտել գլխավոր գաղտնիքը և անգամ վստահեցրել էին, որ իրենք որոշել են վաղաժամ չիմանալ երեխայի սեռը: Երեխան կկրի Քեմբրիջյան արքայազն տիտղոսը: