Տրանսպորտի թանկացման հարցը կդառնա՞ դատարանի քննության առարկա
Հասարակական տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու Երևանի քաղաքապետարանի որոշումը հիմնավորված չէ և անօրինական: Ըստ «Փաստինֆոյի»՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ներկայացուցիչ Բաբկեն Պիպոյանը համոզմունք է հայտնել, որ այսօր քաղաքապետարանը չի կարող ապահովել տրանսպորտով երթևեկելու արժանավայել պայմաններ, որպեսզի բոլոր ուղևորները երթևեկեն նստած, ուստի «քանի դեռ տեղափոխվում ենք վատ պայմաններում, սահմանված 100 դրամը նորմալ է»:
ՀԿ ներկայացուցիչը նշել է նաև, որ որոշ քաղաքացիներ արդեն հայտարարել են վարչական դատարան դիմելու մտադրության մասին: Նա պատրաստակամություն հայտնեց հարցը դատարանում վիճարկող քաղաքացիներին տրամադրել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի կողմից կատարված հաշվարկները, ըստ որոնց 100 դրամ ուղեվարձի դեպքում էլ երթուղայիների սեփականատերերը գերշահույթ են ստանում:
«Մենք ոչ թե գործատուներ ենք ունեցել, այլ առաքյալներ, ովքեր այսօր փորձում են տպավորություն ստեղծել, որ մեր փոխարեն իրենք են վճարել»,- նշել է ՀԿ ներկայացուցիչը: Նա կոչ է արել հանրային ճնշում գործադրել և անպայման դիմել Վարչական դատարան:
«Հասարակական տրանսպորտը 100 դրամ» հասարակական նախաձեռնության հիմնադիր անդամ Լուսինե Մնացականյանն իր հերթին խնդիրը լուծելու սեփական տարբերակը առաջարկեց՝ կոչ անելով պարզապես չվճարել 150 դրամ: Հասարակական նախաձեռնության հիմնադիր անդամն այսօր առավոտյան արդեն իսկ փորձարկել է տրանսպորտի թանկացման դեմ պայքարի իր միջոցը՝ երթևեկել է տրանսպորտով և վճարել 100 դրամ, իսկ ավելացված 50 դրամի փոխարեն տվել է թղթի մի կտոր՝ «50 դրամ» գրառմամբ:
Ակտիվիստը այդ կտրոններից բաժանել է նաև տրանսպորտում գտնված ուղևորներին և կոչ արել, որ շարունակեն վճարել 100 դրամը և վարորդին փոխանցեն այդ կտրոնը:
«Մեր վարորդները շատ կիրթ և հասկացող մարդիկ են, և սա իրենց դեմ ուղղված չի, իսկ այդ թղթի կտորները նրանք կտանեն, կտան իրենց գործատերերին և կասեն, որ ժողովուրդը հրաժարվում է վճարել այդ 50 դրամները»,- նշել է «Հասարակական տրանսպորտը 100 դրամ» հասարակական նախաձեռնության հիմնադիրը: