Րաֆֆին մտնում է խաղի մեջ
Որոշակի դադարից հետո այսօր մամուլի ասուլիս է հրավիրել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և հայտարարել է, որ երկիրը գտնվում է կործանման եզրին, ու այդ կործանումից փրկելու նպատակով մինչև սեպտեմբեր ինքը հրավիրում է կլոր սեղան՝ քաղաքական ուժերի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղիները: Որևէ կասկած չունենալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երկիրը փրկելու մղումների անկեղծության մեջ, այդուհանդերձ, դժվար չէ ենթադրել, որ «Ժառանգության» առաջնորդի հրավիրած հերթական կլոր սեղանը կունենա նույն ճակատագիրը՝ ինչ նախորդները: Քաղաքական ուժերի մի մասը չի մասնակցի դրան՝ անլուրջ համարելով, մի քանիսը կմասնակցեն ու ինչ-որ ելույթներ կունենան, ու կյանքը կշարունակվի՝ մինչև հաջորդ կլոր սեղան:
Նախագահական ընտրություններում ավելի քան 500 հազար ձայն ստացած և իրականում աննախադեպ հաղթանակ արձանագրած Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ ընդամենը երկու ամսվա ընթացքում փոշիացնել այդ հաղթանակը: Ապրիլի 9-ից հետո նա զանազան կլոր սեղաններով ընդամենը փորձում է վերականգնել իր անձի ու կուսակցության նկատմամբ հասարակության մոտ առաջացած վստահությունը: Այդ փորձերից մեկն էլ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունն էր, որը, վերականգնելու փոխարեն՝ էլ ավելի խորացրեց ընդդիմադիր քաղաքացիների, այսինքն՝ հասարակության մեծամասնության հիասթափությունը նրա հանդեպ: Հանուն արդարության պետք է նշել, որ դրան ամեն կերպ նպաստեցին նաև մյուս ընդդիմադիր ու այլընտրանքային ուժերը, որոնք նախագահական ընտրություններին չմասնակցելով՝ ավելի շատ պայքարում էին (են) Րաֆֆի Հովհաննիսյանի, քան իշխանության դեմ: Բայց հիմա նույն Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե չի տարբերվում նրանցից ու, ըստ էության, միացել է ընդդիմադիր դաշտում ընթացող պայքարին: Իսկ այդ պայքարն, ըստ էության, ընդդիմության առաջնորդության համար է:
Ապրիլի 9-ից հետո հայաստանյան ընդդիմությունը մնացել է առանց ընդգծված դոմինանտ ու առաջնորդող ուժի: Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես կուսակցությունը կարողացավ նույնքան վարկաբեկվել, որքան Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը», Դաշնակցությունը ևս առանձնապես լավ վիճակում չէ, իսկ «Բարգավաճ Հայաստանը», ինչպես հայտարարեց նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը, ընդդիմություն չի կարող լինել: Ինչևէ: Հիմա, ինչպես նշեցինք, ընդդիմադիր դաշտում գրեթե հավասարաչափ վարկաբեկված ուժերի միջև ընթանում է պայքար՝ առաջնորդության համար: Նաև այդ համատեքստում կարելի է դիտարկել ՀԱԿԿ-ի՝ աշնանը նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը սկսելու մտադրությունը:
Այդպիսով ՀԱԿԿ-ն փորձելու է հասարակությանը ներկայանալ՝ որպես իշխանության դեմ ամենաանհաշտ պայքարող ուժ՝ այդ պայքարին չմիացողներին հռչակելով՝ որպես իշխանության սպասարկուներ: Այլ ձևակերպումներով, սակայն, իրականում նույն ուղղվածությունն ունեն նաև Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները, ով յուրաքանչյուր նախադասության մեջ մի քանի անգամ շեշտում է, որ իր քայլերը ոչ թե «հատվածական», այլ «համապետական» նշանակություն ունեն: Այսինքն՝ Րաֆֆին ցանկանում է ցույց տալ, որ ընդդիմության դաշտում առաջատարն ինքն է, նույնն անում է նաև Կոնգրեսը, որին, ըստ ամենայնի, աջակցում է նաև ԲՀԿ-ն:
Բայց ինչպես Կոնգրեսի՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի, այնպես էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «համապետական հավաք» անցկացնելու նախաձեռնություններն ամենաշատը քարոզչական բնույթ ունեն և զուրկ են իրականություն դառնալու որևէ հեռանկարից: Դրանք ընդամենը ինչ-որ գործունեություն ծավալելու իմիտացիա են, որը, վերջին հաշվով, էլ ավելի է խորացնելու հասարակության հիասթափությունն ընդդիմությունից: Հայաստանյան իրականության առանձնահատկություններից մեկն այն է, որ իշխանությունը զբաղված է ինչ-որ բան անելու իմիտացիայով ու քարոզչությամբ, ընդդիմությունն էլ ձևացնում է, թե պայքարում է իշխանության իմիտացիայի դեմ: Ու նաև այդ փոխադարձ իմիտացիայի արդյունքում է հասարակությունն ընտրում պայքարի ավելի բացասական, սակայն իրական՝ ոչ իմիտացիոն տարբերակը՝ արտագաղթը: