Աբովյան քաղաքում աղանդավորները մեծ տարածում ունեն
Աղանդավորները մեծ տարածում ունեն Աբովյանում քաղաքում: Այստեղ առավել ակտիվ են Եհովայի վկաները, ովքեր խմբերով դուրս են գալիս հոգեորսության: Անգամ նորակառույց եկեղեցու փաստը չընկճեց նրանց և շաբաթ-կիրակի օրերին նրանց կարելի է հանդիպել Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում՝ թերթիկներ բաժանելիս: Հաճախ այդ թերթիկները, իբրև թե պատահաբար, խնամքով թողնում են ավտոբուսների նստարաններին, բնակիչների դռներին են ամրացնում, և այլն:
Աբովյան քաղաքի Եհովայի վկաներն ունեն մեծ ու շքեղ առանձնատուն, ուր կազմակերպվում են նրանց հանդիպումները, և, քանի որ նրանց քանակը քիչ չէ, հանդիպումները գրեթե ամեն օր են լինում: Բացի այդ, յուրաքանչյուր ուրբաթ աղանդավորների մի խումբ է գնում քաղաք Ստեփանավան՝ քարոզներ կարդալու, ինչպես իրենք են ասում` «լավ ժամանակ անցկացնելու» համար: Տարին երկու անգամ «մկրտության» արարողություն են կազմակերպում լողավազանում, ուր նոր մոլորյալները համալրում են նրանց շարքերը:
Աղանդավոր երիտասարդները միայն շփվում են միմյանց հետ, օրվա մեծ մասն անցկացնում իրար հետ «դասեր» սերտելով, որը պարտադիր պայման է նրանց համար:
Աբովյանի բնակիչ, Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր Սևան Կալլոշյանը 168.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ աղանդավորների այցելությունները, համենայն դեպս, իրենց բազմաբնակարանային տարածք արգելել է. «Մի անգամ Եհովայի վկաներից մեկի ձեռքից խլեցի իրենց նոթատետրն ու վռնդեցի շենքից: Նոթատետրում տեսա, որ Աբովյան քաղաքը քարտեզագրված էր՝ ըստ շենքերի, բնակարանների, ու մանրամասն գրառումներ էին արված:
Օրինակ՝ այցելեցի այս բնակարան, հակառակվող են կամ աշխատանք պետք է տարվի: Անգամ՝ նշումներ էին արել, թե որ բնակչին են շոկոլադ տարել, և այլն: 3-4 անգամ վռնդել եմ ու ամեն անգամ յուրովի եմ դա անում: Աղանդավորական այս շարժումները քաղաքականություն են, սրանք կոնկրետ դրսի ծրագրեր են՝ երկիրը թուլացնելու, մասնատելու նպատակով: Չեմ ընդունում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կազմակերպության հորդորները, թե՝ զգուշացեք Եհովայի վկաներից: Թող իրե՛նք զգուշանան, ի՛մ երկիրն է, ի՛մ կրոնն է, ու աղանդավորն այստեղ անելիք չունի:
Մենք հաճախ պիտակավորում ենք մեր հարևաններին, բայց, օրինակ, Վրաստանը շատ ճիշտ լուծում գտավ՝ յուրաքանչյուր գյուղում կառուցեց իր եկեղեցին և ժողովրդին համախմբեց»,- ասաց Ս. Կալլոշյանը:
Աղանդավորները հաճախ են պնդում, որ գումարային կամ այլ տեսակի օգնություններ չեն ստանում, բայց մանկավարժ Ն. Մկրտչյանն ավելի քան համոզված է, որ դա այդպես չէ. «Հարևանուհիներս չեն աշխատում, ոչ մի տեղից եկամուտի աղբյուր չունեն, քանի տարի է՝ հոգեորսությամբ են զբաղված, ու ամբողջ շենքն ապշեց, երբ հանկարծ մեքենա գնեցին, արտերկրում հանգստի մեկնեցին, և այլն, և այլն: Ավելի քան վստահ եմ, որ հոգիներն են վաճառել: Մեծ հաշվով՝ հոգի՞դ վաճառես, թե՞ պոռնկությամբ զբաղվես՝ նույնն է»: