Ազատամարտիկի համար ճակատագրական է եղել 2008-ին զորամասում արված հրահանգը, որ Երևանում զինվորները չկրակեն ժողովրդի վրա

Galatv.am-ի հաղորդմամբ՝ Ազատության հրապարակում արդեն հինգերորդ օրը հացադուլ անող ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի ճնշումն այսօր բարձրացել է: Նրան զննող բժիշկները ճնշումը չափելուց հետո ասել են, որ բարձր է, և ճնշման դեղ են առաջարկել խմել:

Քիչ անց ազատամարտիկին այցելել է նրա որդին, ով նոր է վերադարձել բանակից, բայց ծառայությունը շարունակում է խաղաղապահ զորքերում: Նշենք, որ Ավետիսյանի մյուս որդին նույնպես ծառայում է հայոց բանակում:

Նա երկար տարիներ ծառայել է ՀՀ Զինված ուժերում, սակայն 2010 թվականին նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվում ծառայողական անփութության հոդվածի հիմքերով և նրան դատապարտում են վեց տարվա ազատազրկման, սակայն նույն դահլիճում հայտարարում են, որ 2010 թվականի համաներումը ազդել է նրա վրա, քանի որ այդ գործը 2009 թվականին էր հարուցվել:

Այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում Խաչիկ Ավետիսյանը ավելի մանրամասն պատմել է, որ իր նկատմամբ հետապնդումը շատ ավելի վաղ է սկսվել:

«2008 թվականի փետրվարի 23-ին ես ստացա կարգադրություն զորամասը զորանոցային վիճակի անցնելու վերաբերյալ, որից հետո պետք է պատրաստ լինեինք, որ գայինք Երևան, քանի որ գիտեինք՝ այստեղ ինչ է կատարվում: Ես շարեցի անձնակազմը, որպեսզի հրահանգավորում անցկացնեմ զորանոցային իրավիճակի վերաբերյալ և այստեղ՝ Երևանում, իրենց պահվածքի վերաբերյալ, ես ասացի, որ որևէ մեկը չհամարձակվի կրակի ժողովրդի վրա: Իմ տեղակալը՝ մայոր Խաչատրյան Ցոլակը, շարքի միջից բղավեց՝ ես կկրակեմ: Ես էլ ասեցի՝ դուրս եկեք շարքից, ու տարա և առանձին ասացի, որ՝ դու կմնաս այստեղ և մեզ հետ չես գա Երևան: Անցավ տասնհինգ րոպե, մի քանի մեքենա մտան զորամասի տարածք: Մտան, ինձ կանչեցին կորպուս, գնացի և տեսա այնտեղ են Ռազմական ոստիկանության պետը, կայազորի հակահետախուզության պետը, դատախազության քննիչները, որոնք էլ ինձ բերման ենթարկեցին Սևանի կայազորի ՌՈ»,- պատմել է ազատամարտիկը:

Այդ ժամանակ նա Վարդենիսի զորամասերից մեկի հրամանատարն է եղել: Նրան այդտեղ սկսում են հարցաքննել, և տարածքի ՌՈ պետը ասում է, որ իրենց տեղեկացրել են, որ Ավետիսյանը «բունտ» է անում զորամասում և զինվորների հետ պատրաստվում է գնալ Ազատության հրապարակ՝ ժողովրդի կողքին կանգնելու համար:

«Ես ասացի, որ նման բան չի եղել, ես ասել եմ՝ որ գնանք Երևան, որևէ մեկը չհամարձակվի կրակի ժողովրդի վրա, ու ասեցի՝ դուք նման հրաման կտայի՞ք, ասեց՝ ոչ, ո՞նց ես հրաման կտամ ժողովրդի վրա կրակել: Եվ այդ ժամանակ նա զանգահարում է Վլադիմիր Գասպարյանին և ասում, որ նման բան չի եղել, և պատմում է՝ ինչպես ես ասել եմ: Քիչ հետո զանգահարում է այդ ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, նույն բանը ասում է նաև նրան: Մոտ ութ ժամ անցավ, հետաքրքիրն էլ այն էր, որ իմ ողջ անձնակազմին էլ են հարցաքննում, և նրանք բոլորը ասում են, որ ես որևէ հայտարարություն չեմ արել: Իրենց թվում է, որ ասեն՝ նման բան եմ ասել, ինձ կձերբակալեն: Դրանից հետո ոստիկանության պետը խնդրում է, որ զանգեմ զորամաս և ասեմ, որ ասեն այն, ինչ եղել է: Նոր ես զանգեցի շտաբ, նույնիսկ զինվորների հետ եմ խոսել, որ ասեն ինչ-որ եղել է՝ առանց վախենալու ու քաշվելու»,- պատմել է ազատամարտիկը: Դրանից հետո նրա զորամասը Երևան չեն տանում:

Իսկ Մարտի 1-ից մոտ մեկ ամիս անց նրան կանչում է հետախուզության վարչության պետը՝ Արշակ Կարապետյանը, ով իր անմիջական ղեկավարներից մեկն է և ասում, որ զեկուցագիր ներկայացնի կադրերի տրամադրության տակ անցնելու համար: Իսկ երբ Ավետիսյանը հարցնում է պատճառը, Կարապետյանը պատասխանում է, որ իր վերաբերյալ աղմուկը մեծ է եղել:

Այդ ժամանակ Ավետիսյանի ու Կարապետյանի զրույցը սրվում է, և ինչպես տեղեկացնում է ազատամարտիկը, ինքը շրխկացնում և դուրս է գնում: Ու դրանից հետո սկսվում են նրա նկատմամբ դատական գործընթացները:

Ի դեպ, Ավետիսյանին զրպարտած մայորին տեղափոխում են Մեղրիի զորամաս: Ազատամարտիկը նաև պատմել է, որ Միքայել Հարությունյանը այդ մասին իր հետ հեռախոսազրույց է ունենում և ասում հետևյալը.

«Մենք ուզում ենք այդ սրիկային դատենք, քեզ զրպարտել է, ես ասեցի՝ պարոն նախարար, եթե հնարավոր է, մի՛ դատեք, ուղղակի իմ մոտից տեղափոխեք այլ զորամաս: Զարմացավ: Տեղափոխեցին Մեղրիի զորամաս»,- նշել է ազատամարտիկը:

Վաղը Խաչիկ Ավետիսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով և հանդես կգա իր խոսքերով՝ կարևոր հայտարարությամբ:

Galatv.am, Լիլիթ Թադևոսյան

Տեսանյութեր

Լրահոս