Ինչպե՞ս զարմացնել ռուսներին
Հայ-ռուսական «կիսասառը» պատերազմը շարունակվում է։ Առայժմ՝ սոցիալական ցանցերում։ «Սմերչի» վաճառքի թեմային հաջորդեց ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, հայ ժողովրդի բարեկամ ներկայացող Կ. Զատուլինի հարցազրույցը՝ ակնհայտ «հաթաթաներով»։ Իսկ այժմ քննարկվում է Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ավտովթարի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին խալաթով դատարան տանելու թեման։ Ընդ որում՝ այդ ստորացուցիչ քայլն ու որոշ ռուս մեկնաբանների հայատյաց ու շովինիստական ձևակերպումները, կամա թե ակամա, տեղավորվում են այն հարթության մեջ, որը կոչվում է Մաքսային միություն։
Ինչպես հայտնի է, այս տարվա աշնանը Հայաստանը պատրաստվում է նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Եվ, ինչպես նշել էր Զատուլինը, որքան մոտենում է այդ ժամանակը, այդքան սրվում է իրավիճակը. ռուսները նյարդայնանում են։ Շատերն այն կարծիքին են, որ այլ պարագայում ՌԴ իրավապահները դժվար թե կանացի խալաթ հագցնելով՝ փորձեին ստորացնել ոչ դիտավորյալ կերպով պատահարի մեջ մեղադրվող մարդուն, և պետական հեռուստաալիքն էլ (Россия 1) դժվար թե կրակի վրա յուղ լցներ։ Ամեն դեպքում, այս տեսակետը գոյության իրավունք ունի։
Այժմ, զայրույթի հետ, հասարակության մեջ զարմանք է նկատվում։ Ոմանք զարմանում են՝ ինչպե՞ս կարող էին մեր դարավոր եղբայրները նման բան անել։ Մյուսները զարմանում են զարմացողների վրա, թե ինչպե՞ս նրանք կարող էին կուրորեն հավատալ մեր ռազմավարական դաշնակցին։
Ընդ որում, զարմանքի մասին իր հարցազրույցում խոսել էր նույն Զատուլինը։ «Եթե Մոլդովան ստորագրի այդ փաստաթուղթը (Ասոցացման համաձայնագիրը.- Բ.Թ.), Ռուսաստանին դա կվշտացնի։ Եթե Հայաստանը ստորագրի, վշտացնելուց բացի, դա կառաջացնի նաև զարմանք»,- ասել էր նա։
Սակայն զարմանք էլ կա՝ զարմանք էլ։ Օրինակ՝ երբ տեսնում ես, թե ինչպես է 4 տարեկան երեխան վիրտուոզ կերպով դաշնամուր նվագում, դա դրական, նորմալ զարմանք է։ Երբ հայ տղամարդուն կանացի խալաթով են տանում դատարան, հետո հեգնում, թե՝ չհասցրեցինք հայկական խանութ գնալ, որ տղամարդու խալաթ հագցնեինք, դա աննորմալ, նողկանք առաջացնող զարմանք է։ Երբ ՀՀ իշխանությունները ձկան պես լռություն են պահպանում, իսկ որոշ ակտիվիստներ փորձում են ռուսից ավելի ռուս լինել, նույնպես բացասական տրամադրություններ առաջացնող զարմանք է։
Զատուլինի նշած զարմանքի տեսակը մեջտեղում գտնվող ինչ-որ բան է։ Օրինակ՝ երբ տեսնենք, որ ինչ-որ փոքրամարմին մարդ՝ դատարկ ձեռքով, մարտահրավեր է նետում 10 հոգանոց Հատուկ նշանակության ջոկատին, շատ կզարմանանք։ Ոչ թե մարտահրավեր նետողի քաջության, այլ հիմարության վրա։ Այսինքն՝ մենք ի սկզբանե համոզված ենք, որ փոքրամարմին մարդը դատապարտված է ծանր մարմնական վնասվածքների, և զարմանում ենք՝ ինչպե՞ս կարող է նա նման ռիսկի դիմել։ Զատուլինի զարմանքը հենց այսպիսի զարմանք էր։ Եթե դիվանագիտական լեզուն վերծանենք, ապա կհնչի այսպես՝ դուք չե՞ք հասկանում, որ փախչելու տեղ չունեք մեզանից։ Սա այնքան անդուր ու տհաճ բան է, որ շատ քչերը ցանկացան արտահայտվել այս առիթով։
Սակայն սա դաժան իրականություն է։ Իրականություն է, որ ռուսներն այդպես են մտածում։ Ու իրենց թվում է, որ մենք էլ պետք է այդպես մտածենք: Իսկ ինչո՞ւ են ռուսներն այդպես մտածում։ Որովհետև որոշակի հիմքեր ունեն այդպես մտածելու համար. բավականին աննախանձելի վիճակում ենք։
Աչքի անցկացրեք Հայաստանի խոշորագույն գործատուների ցանկը։ Առաջին երեք խոշորագույն գործատուները ռուսական ընկերություններն են՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «ՀայՌուսգազարդ» և «Հարավկովկասյան երկաթուղիներ»։ Այս երեք ընկերություններում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 18 հազար մարդ։ Ընդհանրապես, խոշորագույն գործատուների առաջին տասնյակում 5 ռուսական կապիտալով ընկերություն կա, որոնց կարող է միանալ ևս մեկը՝ «Նաիրիտը»։ Կան նաև այլ ընկերություններ ամենատարբեր ոլորտներում։ Այսինքն՝ տասնյակ-հազարավոր մեր հայրենակիցներ աշխատում են Հայաստանում, սակայն… Ռուսաստանի համար։
Ավելին, դրանք հիմնականում, այսպես կոչված, համակարգաստեղծ ընկերություններ են՝ Էներգետիկա, կապ և այլն։ Այսինքն՝ տնտեսության և ընդհանրապես երկրի ողնաշարը ռուսների ձեռքերում է, և նրանք ցանկանում են ավելի պինդ բռնել այն (օրինակ՝ ստանալ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վերջին 20%-ը)։
Անցնենք առաջ։ Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանից արտահանման 20%-ը, որի առջև, անհնազանդության դեպքում, կարող է փակվել ռուսական շուկան: Ռուսաստանին պարտք ենք 500 միլիոն դոլար։ Ռուսաստանից ստանում ենք գազ, որն ազդեցության ամենալուրջ գործիքներից է։
Եվ, վերջապես, տարբեր գնահատականներով՝ ՌԴ-ում աշխատում է 500 հազարից մինչև 1 միլիոն ՀՀ քաղաքացի: Պաշտոնական տվյալներով՝ միայն բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան այս մարդկանց կողմից կատարվող դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2012 թվականին կազմել է շուրջ 1.4 միլիարդ դոլար: Այսինքն՝ ՌԴ-ից ստացվող տրանսֆերտները Հայաստանի համախառն սպառման ողնաշարն է:
Հիշեցնենք, որ այս ամենը միայն տնտեսական ասպեկտն է։ Իսկ դրա կարևորության և հնարավոր պատիժների մասին ոչ վաղ անցյալում խոսում էր Վլադիմիր Պուտինը։ Այս տարվա մարտին ՌԴ նախագահը հայտարարեց, որ 2015 թվականից սկսած՝ կտրուկ սահմանափակվելու է Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրներից ներգաղթյալների ներհոսքը Ռուսաստան: «Մենք բաց հայտարարում ենք այդ մասին: Այսօր գոյություն ունեցող արտոնությունները կիրառվելու են միայն այն երկրների նկատմամբ, որոնք հանդիսանում են Մաքսային միության անդամ»: Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ այդ սպառնալիքը (որի մասին խոսել էր նաև Զատուլինը) բավականին լուրջ է և կարող է տնտեսական աղետի առաջ կանգնեցնել Հայաստանին: Հայ միգրանտների արտաքսումը Ռուսաստանից ոչ միայն կփակի տարեկան 1.4 միլիարդ դոլար տրանսֆերտների աղբյուրը, այլև կհանգեցնի նրան, որ Հայաստանում գործազուրկ տղամարդկանց թիվը կմեծանա մի քանի հարյուր հազարով: Իսկ դա արդեն ոչ միայն տնտեսական վտանգ է, այլև քաղաքական ու սոցիալական։ Ռուսաստանը կարող է Հայաստանում և միգրանտներ «արտահանող» մյուս երկրներում ցանկացած պահի ձևավորել դժգոհների մի քանի հարյուր հազարանոց բանակ, որն իր բոլոր դժբախտությունների համար մեղադրելու է գործող իշխանությանն ու նրա վարած արտաքին քաղաքականությանը:
Այս ամենի մասին, ինչպես նշեցինք, բավականին թափանցիկ ակնարկել էր Պուտինը։ Դրա համար Զատուլինը մոտավորապես ասում է՝ կոնկրետ զգուշացնելուց հետո՞ էլ չեք հասկանում, որ մեր ձեռքում եք։
Իսկ այս ամենին հասել ենք մեր իսկ մեղքով։ Երբ հերթով զիջել ենք Ռուսաստանին մեր տնտեսական հզորությունները։ Երբ չենք կարողացել ստեղծել այնպիսի երկիր, որտեղից մարդիկ չեն արտագաղթում։ Կեղծել ենք ու կեղծում ենք ընտրությունները։ Թալանում ենք բյուջետային միջոցները։ Անտեսում ենք օրենքները և շարժվում դեպի «ապահով» Հայաստան։
Ամիսներ առաջ գրելով Պուտինի այս ելույթի մասին՝ նշել էինք, որ վիճակը փակուղային չէ։ Մինչև 2015 թվականը ժամանակ է տրված, և կարելի է լուրջ բարեփոխումներ կատարել երկրում։ Սակայն, ցավոք, հաջորդած ամիսները ցույց տվեցին, որ ռուսական կապանքներից ազատվելու փոխարեն՝ մեր իշխանությունները կարծես դիտավորյալ ամրացնում են դրանք։ Ընտրություններն անցան այնպես, ինչպես միշտ։ Այժմ քննարկում են «ՀայՌուսգազարդը» ամբողջությամբ ռուսական կողմին զիջելու հարցը։ Շարունակվում է արտագաղթը։
Ի դեպ, ավտովթարի մեջ մեղադրվող, Արցախյան ազատամարտի մասնակից Հրաչյա Հարությունյանը Ռուսաստան է մեկնել ամիսներ առաջ՝ իր մահացած որդու գերեզմանը սարքելու համար գումար աշխատելու նպատակով։ Սրանով ամեն ինչ ասված է։ Պարզապես կարելի է հիշեցնել, որ Հայաստանից վերջին տարիներին անվերադարձ մեկնել է 200 հազար մարդ (մեծ մասը մեկնել է Ռուսաստան)։ Նրանցից քանի՞ հազարն է (կամ քանի՞ տասնյակ հազարը), որ հայրենիքը թողել է Հարությունյանի պես, նրա վիճակում՝ ճարահատյալ, ընկճված, ծայրահեղ վատ վիճակում։ Մեկնել են ոչ թե՝ ճոխ ապրելու, լավ ապրելու, այլ պարզապես՝ ապրելու համար։ Նվազագույն, ամենաանհրաժեշտ կարիքները հոգալու համար։ Սեփական երկրի տված ողորմությունից կախված չմնալու համար։ Եվ որքան շատ են մեկնում, Հայաստանն այնքան շատ է կախման մեջ ընկնում Ռուսաստանից։
Այս ամենը դրսից ավելի լավ է երևում, դրա համար էլ զատուլինները զարմանում են, որ համարձակվում ենք իրենց հակառակ կարծիք ունենալ։ Կամ համարձակվում ենք մտածել՝ Եվրամիությո՞ւնն է ավելի լավ Հայաստանի համար, թե՞ Եվրասիական միությունը։ Սակայն ամենակարևոր խնդիրն այս պահին այն չէ՝ ո՞րն է լավ։ Խնդիրն այն է, որ ինքներս մեզ զրկել ենք ընտրության հնարավորությունից։
Ամեն դեպքում՝ ճոպանի վրա խաղալու երկար ժամանակ չի մնացել։ Դատարկ խոսակցությունների փոխարեն՝ ռուսամետ կամ ռուսաֆոբ, հարկավոր է շտկել սեփական սխալները։ Կամ իրոք լուրջ փոփոխություններ պետք է լինեն, որոնք առաջին հերթին կվերականգնեն հասարակության վստահությունը երկրի ու իշխանությունների նկատմամբ։ Կամ էլ, հակառակ մեր ցանկության, կդառնանք Եվրասիական միության անդամ՝ վերադառնալով Սովետական Սոցիալիստական Հայաստանի կարգավիճակին։ Առաջին դեպքում՝ զատուլինները կզարմանան, այս անգամ արդեն՝ ոչ հեգնանքով: Իսկ երկրորդ դեպքում՝ մեր սերունդները, ընդ որում, ավելի մեծ հեգնանքով, քան զատուլինները։