
ԻԱԿ-ը դատարանում հաղթեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը

2013 թ. հունիսի 26-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերջ դրեց ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության դեռևս անցյալ տարի սկիզբ առած դատական գործին` ուժի մեջ թողնելով ԻԱԿ-ի օգտին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:
ՀԴԿ-ն անպատասխան էր թողել 2012 թ.-ի ապրիլի 25-ին ԻԱԿ-ի ուղարկած հարցումը, ինչպես նաև 2012 թ.-ի մայիսի 16-ի կրկնակի հարցումը, որոնցով ԻԱԿ-ը խնդրել էր հայտնել.
- Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը 25.04.2012թ.-ի դրությամբ որքա՞ն գումար է ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար:
- Ծախսած գումարներից որքա՞ն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը:
Ուստի, 2012 թ.-ի հուլիսի 2-ին ԻԱԿ-ը դիմեց դատարան։ Դատարանն ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի պահանջը ճանաչել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը և պարտավորեցնել Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը: Դատարանը նաև պարտավորեցրեց կուսակցությանը փոխհատուցել ԻԱԿ-ի կողմից վճարված պետական տուրքի գումարը և փաստաբանի վարձատրության գումարը` 100.000 դրամի չափով:
Ինֆորմացիայի ազատության կենտրոն