Բոտկինսկու հիվանդանոցի աշխատակիցը հեգնում է. «Կներեք, որ չհասցրեցինք գնալ հայկական խանութ, որ նոր խալաթ գնեինք»
Այսօր ԳԱԼԱ-ն փորձել է զրուցել Մոսկվայի Բոտկինսկու հիվանդանոցի բուժանձնակազմի հետ, որտեղ տեղափոխել էին Նոր Մոսկվայում գրանցված դժբախտ պատահարի հետևանքով տուժած վիրավորներին և ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին: Հիշեցնենք, որ հենց այդ հիվանդանոցից էին Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով տեղափոխել դատարան, ինչը մեծ ընդվզում էր առաջացրել Հայաստանում:
Հիշեցնենք, որ հետաքննության պահանջով բժիշկները նրան դուրս բերեցին դեղորայքային քնից և հենց դեպքի երկրորդ օրը անպատշաճ հագուստով, չսափրված նրան բերեցին դատարան:
Հեռախոսազրույցի հենց սկզբում, երբ Մոսկվայի Բոտկինսկու հիվանդանոցի ընդունարանի բժիշկներն իմացան, որ զանգահարում ենք Հայաստանում գործող ԳԱԼԱ հեռուստաընկերությունից, միանգամից արձագանքեցին.
«Այլևս մեզ մոտ չէ պառկած ձեր հիվանդը, նա տարվել է ուրիշ բուժհաստատություն, 20-րդ հիվանդանոց են տարել, այնպես որ՝ զանգեք այնտեղ»: Կայքը փորձել է պարզել, թե ի՞նչ վիճակում են գտնվում ավտովթարից տուժած մյուս քաղաքացիները, ինչին ի պատասխան հիվանդանոցից մեղադրական տոնով պատասխանել են. «Գիտեք, միայն 18 հոգի մահացել է, մնացածը տուժել են, իսկ նա` ամենաքիչը»:
ԳԱԼԱ-ի թղթակիցը փորձել է նաև ճշտել ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկության իսկությունը, թե խալաթը, որով տեղափոխել են Հրաչյա Հարությունյանին, իսկապե՞ս հիվանդանոցային համազգեստ է, ինչին ի պատասխան հիվանդանոցի աշխատակիցի հեգնանքով արձագանքել են.
«Իր հագուստը կեղտոտ էր ու արյունոտված, կներեք, չհասցրեցինք գնալ խանութ՝ մասնավորապես հայկական խանութ` նոր շորեր գնելու, նույնիսկ՝ խալաթ… ինչ գտել ենք, անմիջապես հագցրել ենք, որպեսզի մերկ չլինի»: