«Երբ հորս օգնությունն էր պետք, թողնելով իր ընտանիքը ու մոռանալով ամեն ինչ, նա գնաց պատերազմի, օգնեց. հիմա իրեն է օգնություն պետք». Հրաչյա Հարությունյանի դստեր խնդրանքը
Հրաչյա Հարությունյանի դուստրը մինչ այժմ չի զրուցել հոր հետ, իսկ կատարվածի մասին տեղեկացել է ռուսաստանաբնակ բարեկամներից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Հարությունյանը: Նա ասաց, որ հայրը պատահական է մեկնել Ռուսաստան՝ առանց աշխատանքի առաջարկի, իսկ այնտեղ կազմակերպությունից աշխատանքի առաջարկ ստացել: Հրաչյա Հարությունյանի աղջիկն ասաց, որ հայրը կազմակերպությունից, որտեղ աշխատում էր, շատ քիչ է պատմել:
Լիլիթ Հարությունյանը ցավակցեց բոլոր այն մարդկանց, ովքեր մահացել են: Միևնույն ժամանակ ասաց, որ հայրը վթարի ժամանակ մտածել է միայն այն մասին, որ մարդկային շատ զոհեր չլինեն, հակառակ դեպքում նա կարող էր իրեն նետել մեքենայից:
Լիլիթ Հարությունյանն ասաց նաև, որ այս պահին իրենք կապ չունեն փաստաբանների հետ: «Պարազապես խնդրում եմ՝ ինչ էլ որ լինի, ամեն ինչ արդար լինի»,- ասաց նա՝ միևնույն ժամնակ նշելով, որ հայրը հոգեբանի կարիք ունի. «Ես գիտեմ, որ նա շատ մեծ կարիք ունի հոգեբանի»:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Լիլիթ Հարությունյանն շեշտեց, որ ինքը չգիտի՝ հորը կանացի խալաթով դատարան ներկայացնելը ունեցել է ենթատեքստ, թե ոչ: «Իրենք էդպես են ճիշտ գտել, այդպես են արել»,- ասաց նա: «Ինձ թվում է՝ ամեն ինչ լավ կլինի»,- հավելեց Լիլիթ Հարությունյանը:
Հրաչյա Հարությունյանի եղբոր որդին՝ Արթուր Հարությունյանն ասաց, որ իր կարծիքով՝ որոշակի մեսիջ կար հորեղբորը կանացի խալաթով ներկայցնելու մեջ: Նա նշեց, որ Ռուսաստանում նման պատահարներ շատ են տեղի ունենում, սակայն ոչ ոքի նման վիճակով չեն ներկայացրել դատարան: Նա ևս ասաց, որ իր հորեղբայրը, դատելով նրա տեսքից, հոգեկան խնդիրներ ունի, հակառակ դեպքում նա այդ խալաթը չէր հագնի: Հարազատները նշեցին նաև, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել արգելակների խափանման պատճառով:
Հրաչյա Հարությունյանի հարազատները նշեցին նաև, որ տեղյակ են այն մասին, որ Հրաչյային փորձել են բազմաթիվ անգամներ հագուստ փոխանցնել, սակայն իրավապահները թույլ չեն տվել: Հարազատները նշեցին նաև, որ եթե նույնիսկ Հրաչյա Հարությունյանը մեղավոր ճանաչվի, ապա իրենք ցանկանում են, որ նա պատիժը կրի Հայաստանում:
Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ մինչ այժմ տեղեկավություններ ստացվում են միայն ԶԼՄ-ների միջոցով, և մինչ այժմ դրանցից ստացված տեղեկությունների համաձայն՝ գրանցված խախտումը հագուստի խնդիրն էր և կոմայի վիճակում գտնվելը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ Հայաստանն ու Ռուսատանը ունեն պայմանագրեր, որոնք թույլ են տալիս նրան վերադրձնեն Հայաստան և այստեղ իրականացնել դատավարությունը, կամ էլ դատապարտելուց հետո նրան տեղափոխեն Հայաստան՝ պատիժն այստեղ կրելու:
168.am-ի հարցին պատասխանելով՝ նա ասաց, որ եթե դատարանում ապացուցվի Հրաչյա Հարությունյանի մեղքը, նրան, որքանով ինքը տեղյակ է, կարող են դատապարտել մինչև 7 տարվա ազատազրկման:
«Խնդրում եմ մեր պաշտոնյաներից. գիտեմ, որ կարող են իրենց հնարավորությունների չափով օգնել, աջակցել ինչով հնարավոր է: Այն ժամանակ, երբ հորս օգնությունն էր պետք, թողնելով իր ընտանիքը ու մոռանալով ամեն ինչ, նա գնաց պատերազմի, օգնեց: Հիմա իրեն է օգնություն պետք»,- ասաց Լիլիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել քաղաքային ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Դատարանի որոշմամբ՝ Հրաչյա Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է, իսկ կալանավրման մասին որոշում կայացնելիս նրան դատարան էին ներկայացրել կանացի խալաթով: Այդ դեպքից հետո ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին` Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: