Բաժիններ՝

Անիրավ պետությունների պատկերը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգությանը և Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածին գրում է. «Մենք սովորություն ունենք ամեն ինչից ազգային ողբերգություն սարքելու՝ վախ, ազգը ինչ օրի է ասել, ախ, հայի բախտը, վայ, էդ թուրքերը, էդ ռուսները…

Մեզ կարծես թե պատրվակ է պետք՝ մեզ դժբախտ զհգալու և աշխարհի անարդարությունից բողոքելու: Այդ ամենի համար լավ առիթ էր վերջերս Պոդոլսկի շրջակայքում տեղի ունեցած վթարը, որը 18 մարդու կյանք խլեց, և այն, որ այդ գործով կասկածյալ՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ ռուսաստանյան իրավապահները կարծես թե վարվել են շրջանցելով օրենքը:

Երեկ ինձ մի տարեց կին մոտեցավ և ասաց, որ Հրաչին կանացի խալաթով դատարան բերելու պատճառով նա ողջ գիշերը չի քնել: Փողոցում բանավիճելու սովորություն չունեմ, բայց նույն պահին մտածեցի, թե քանի գիշեր չեն քնելու 18 զոհերի հարազատները:

Իսկ խնդիրը ոչ հայերի, ոչ ռուսների, ոչ էլ մեր դառը ճակատագրի մեջ է՝ միանգամայն այլ տեղ է: Եթե Հրաչի տեղը ռուս լիներ, նրան չէի՞ն ստորացնի, դուք չե՞ք կարդացել, կամ չե՞ք լսել, թե ինչպես են վարվում ՌԴ ոստիկանները ձերբակալվածների հետ՝ անկախ իրենց ազգությունից: Իսկ եթե պատահարը Հայաստանում տեղի ունենար, մեր իրավապահները կասկածյալ վարորդի հետ պատշաճ ձևո՞վ կվարվեին:

Խնդիրը, հետևաբար, այն է, որ Հայաստանը և Ռուսաստանը իրավական պետություններ չեն, բայց՝ ոչ այն պատճառով, որ այդ երկրներում ռուսներ կամ հայեր են ապրում: Հակառակը՝ իմ տպավորությամբ մեր երկու ժողովուրդներն ավելի են հակված հոգևոր արժեքների, քան այլ՝ ավելի զարգացած ազգեր: Պարզապես վերջիններս դարերի ընթացքում կարողացել են նորմալ պետություններ ստեղել, իսկ մենք 20 տարվա ընթացքում՝ առայժմ ոչ: Շարունակում ենք ապրել Ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության իներցիայով, որոնք խիստ անիրավ պետություններ էին: Մասնավորապես, այդ պետությունների ավանդույթի համաձայն՝ երբ մարդը ընկնում է «մենթանոց»՝ նրա հետ կարող են անել ամեն ինչ՝ նվաստացնել, ծեծել, խոշտանգել և այլն:

Ինձ, ճիշտն ասած, այստեղ ոչ այնքան խալաթն է անհանգստացնում, որքան այն, ինչ արդեն նկատել է գործընկերներիցս մեկը. ակնհայտորեն շոկի մեջ գտնվող, վնասվածքներ ստացած կասկածյալին ինչ-որ դեղեր են ներարկում և քարշ են տալիս դատարան: Արդյոք նա կարո՞ղ է նման վիճակում դատա­րանում ադեկվատ վարք դրսևորել: Ապահովվե՞լ է արդյոք նրա պաշտպանվելու իրավունքը: Այս վերաբերմունքը չի՞ վկայում արդյոք, որ նախաքննությունը փնտրում է միայն մեկ մեղավորի, որի վրա կբարդի ողջ մեղքը: Ահա թե ինչի համար է պետք մեր դես­պանատան և հայ համայնքի ակտիվ միջամտությու­նը, որն առայժմ չի նկատվում:

Ես միտումնավոր չեմ անդրադառնում բուն գործի էությանը՝ մեղավոր է, մեղավոր չէ, որքան է մեղա­վոր Հրաչը: Ուղղակի զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ հերիք չի՝ իրենց ճանապարհատրանսպոր­տային փորձագետների տեղ են դրել, դեռ Երևանից Մոսկվա մեղադրական կամ արդարացման դա­տավճիռներ են կայացնում: Դա էլ ոչ իրավական պետության հոգեբանական հետևանքն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս