Բաժիններ՝

Դեդ Հասանի երբեմնի հակառակորդը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Այսօր Նիժնի Տագիլի Տագիլստրոևսկի շրջանային դատարանը 8 տարվա ընդհանուր ռեժիմի ազատազրկման է դատապարտել Կարո մականունով, 54-ամյա քրեական հեղինակություն Քոռ-Օղլի Մամեդովին: Այս մասին գրում է «Փաստինֆոն»՝ հղում անելով Սվերդլովսկի մարզի դատախազության պաշտոնական կայքին:

Մամեդովը դատապարտվել է ռեկետի և անօրինական ձևով «Տագիլօպտորգ» ԲԲԸ-ի  հսկիչ արժեթղթերին և հիմնադիր կապիտալի  56 տոկոսին տիրանալու փորձ կատարելու համար:

Աճուրդի ժամանակ, այդ գործարքին  չմասնակցելու Մամեդովի պահանջներին  հակառակ, տեղացի մի գործարար ձեռք է բերում  ձեռնարկության արժեթղթերի 37 տոկոսը: Օրենքով գողը ոչ մի կերպ չի կարողանում ներել տեղացի գործարարի այդ հանդգնությունը և ամիսներ շարունակ հետապնդում է նրան, ենթարկում  ծեծի, սպառնում, որ կոչնչացնի նրա ունեցվածքը:

Բացի այդ` նա պահանջում  է իրեն տալ ձեռք բերած արժեթղթերի 9 տոկոսը, որը գումարային արտահայտությամբ կազմում  էր 4 մլն ռուբլի: Դա հնարավորություն կտար նրան իր վերահսկողությունը տարածել ձեռնարկության վրա: Բացի այդ իրեն պատճառած անհանգստությունների համար Մամեդովը գործարարից պահանջում  է, որ իրեն ամեն ամիս  վճարի 1 մլն ռուբլի:
Ի վերջո, գործարարի բողոքի հիմքով իր  դեմ հարուցված քրեական գործի քննության  արդյունքում «օրենքով գողը» կանգնեց դատական պատասխանատվության առջև:ՌԴ քրեական օրենսգրքի «շորթում» հոդվածի հատկանիշներով  նա դատապարտվեց  8 տարվա ազատազրկման:

Նրա նկատմամբ արձակված դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել` հաղորդում է «newsru.com»-ը:

Նշենք, որ Կարոյի անունը հիշատակվում է՝ կապված քրեական հեղինակությունների Եկատերինբուրգում  2004թ. սեպտեմբերի 15-ին կայացած  հավաքի հետ: Այդ հավաքը քաղաքական մեծ աղմուկ առաջացրեց, քանի որ «սխոդկային» մասնակցում էր Եկատերինբուրգի քաղաքային դումայի անդամ ընտրված,  «Ուրալմաշ» խմբավորման  ղեկավար Ալեքսանդր Խաբարովը:

Այդ ժամանակ քրեական հեղինակությունները փորձում էին միացյալ ուժերով հակադրվել Մոսկվայից սկսված ազդեցության վերաբաշխման  գործընթացին: «Գողական ուղղահայաց իշխանության» օգտին էր հանդես գալիս  ընթացիկ տարվա սկզբներին սպանված Ասլան Ուսոյանը (Դեդ Հասանը), իսկ Մոսկվայից անկախ, առանձին գործելու կողմնակիցներից մեկը հենց Կարոն էր: Այդ հակամարտությունն ավարտվեց այն բանով, որ Դեդ Հասանը  նրան զրկեց «գողականի թագից»: Թեև պետք է նշել, որ այդպիսի որոշման հետ ոչ բոլոր հեղինակություններն էին համաձայն:

Կայքը նաև ավելացնում է, որ «Մոսկվային հակադրվելու պատճառով» տխուր վախճան ունեցավ նաև Ալեքսանդր Խաբարովը: Նա ձերբակալվեց, իսկ հետո մենախցում հայտնաբերվեց կախված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս