Բաժիններ՝

«Իմ գունավոր քաղաքը»: Նոր քաղաքացիական նախաձեռնություն Գյումրիում

Հոգեբանների պնդմամբ` մեզ շրջապատող գունային գամման կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր տրամադրության և որոշումների վրա: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեպրեսիվ մարդկանց վիճակը բնութագրվում է «գորշ» գույնով. նրանք հաճախ գորշ գույնն ասոցիացնում են կորստի, անհանգստության և ընկճվածության հետ:

Մենք նույնպես ապրում ենք քաղաքում, որն անձրևներից հետո, ցավոք սրտի, ավելի մուգ երանգ է ստանում: Մեզ շրջապատող մռայլությունը ևս մեկ պատճառ է հանդիսանում այն դեպրեսիվ վիճակի, որում գտնվում է մեր քաղաքի բնակիչների մեծ մասը: Իսկ որքա՞ն մեծ դերակատարում ունեն գույները մեր կյանքում. չէ՞ որ նրանք են օգնում մեզ ժպտալ, ապրել, արարել ու ստեղծագործել:

Gyumri
Դեռևս 2013 թվականի մարտից Գյումրիի մի խումբ երիտասարդներ նախաձեռնեցին ծրագիր` «Իմ գունավոր քաղաքը» անվանմամբ: Մեր հետ հարցազրույցում ծրագրի ղեկավար Նարինե Աստոյանը նշեց, որ վերջինիս նպատակն է՝ «գունավորել» Գյումրին`այդպիսով նոր շունչ և պոզիտիվություն հաղորդելով քաղաքին:

Ծրագիրը կազմված է հետևյալ կետերից`
• Գյումրիի 50-ամյակի կամուրջի երկաթյա պատնեշի գունային ձևավորում
• հին շենքերի հին կոլորիտի կոսմետիկ վերականգնում և նոր շենքերի գունավորում
• հոգևոր և բարոյական արժեքներ քարոզող պոստերների պատրաստում և տարածում

Նշենք նաև, որ ծրագիրն ի սկզբանե լինելով քաղաքացիական նախաձեռնություն` ներկայացվել է Գյումրիի քաղաքապետարան և հավանության արժանացել: Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ խումբը՝ որպես այդպիսին, բաց է նորարարական մտքերի և գաղափարների համար, եթե այդ գաղափարները չեն հակասում խմբի հիմնական նպատակներին: Կազմակերպչական խումբը բաղկացած է 7 հոգուց: Որոշվել է աշխատանքները հիմնականում իրականացնել «street art» և «urban art» ոճերով:

Gyumri1

Խմբի անդամները նշում են, որ իրենց հիմնական նպատակը քաղաքում դրական փոփոխություններ իրականացնելն է և որպես գյումրեցի` ունենալ իրենց ներդրումը քաղաքին նոր շունչ և թարմություն հաղորդելու գործում, ինչն իրավամբ այսօր քաղաքին պակասում է: Ծրագիրը ժամկետային սահմանափակումներ դեռևս չունի, քանի որ նախաձեռնության բաց ֆորմատից ելնելով՝ անընդհատ նոր մտքեր և գաղափարներ են ավելանում, սակայն նախանշված առանձին կետերի համար ժամկետային սահմանափակումներ արդեն դրված են: Շուտով քաղաքը կտեսնի և կզգա իր վերափոխումը. «Ավելացնելով այդքան պակասող գույներ` կփոփոխենք նաև վերաբերմունքը դեպի մեր քաղաքը»:

Գայանե Ավետիսյան
Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս