Բաժիններ՝

Իշխանությունը սկսել է թաքցնել արտագաղթի ցուցանիշները

«Արտագաղթ» արտահայտությունը ՀՀ վերնախավի համար խիստ անցանկալի է դարձել: Նախկինում Միգրացիայի պետական ծառայությունն ուղևորահոսքերի վիճակագրական տվյալները հրապարակում էր ամսական կտրվածքով, իսկ այս տարի արդեն անցում է կատարվել եռամսյակային հրապարակումների: Ծառայության կայքում հունվար-մարտից հետո թարմ տվյալներ չկան: Սահմանափակելով տեղեկատվությունը, ըստ ամենայնի, փորձ է արվում նվազեցնել արտագաղթի թեմայի «շահարկումը» և քննադատությունները, որ վատ կառավարման արդյունքում՝ ամեն ամիս երկիրը մեծ թվով մարդիկ են լքում:

Միգրացիոն ծառայությունից բացի, ուղևորահոսքերի վիճակագրություն հրապարակում է նաև Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, բայց միայն օդային փոխադրումների մասով: Հավանաբար, շուտով նրանք էլ կանցնեն տվյալների եռամսյակային հրապարակման:

Ըստ Քաղավիացիայի գլխավոր վարչության ցուցանիշների՝ իրավիճակը բոլորովին մխիթարական չէ. այս տարվա առաջին կեսին ավելի շատ մարդ է լքել երկիրը, քան անցած տարի: 2013թ. հունվար-հունիսին Հայաստանից օդային ճանապարհով («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) մեկնել է 382,702 մարդ, ժամանել՝ 342,823 մարդ: Բացասական սալդոն 39,879 է: Մինչդեռ 2012-ի առաջին կիսամյակում ՀՀ-ից մեկնել էր 385,918 մարդ, ժամանել՝ 346,929 մարդ: Բացասական սալդոն՝ 38,989: Այսինքն՝ 890 մարդ ավելի է հեռացել երկրից, սա էլ՝ այն դեպքում, երբ այս տարի ընդհանուր ներհոսքն ավելացել է, զբոսաշրջիկների թիվը՝ մեծացել (իսկ հիմա զբոսաշրջային բուռն շրջան է), նաև սփյուռքահայերն են որոշ չափով ազդեցություն ունեցել արտագաղթի ցուցանիշի մեղմման գործում:

Մինչդեռ հայտնի է, որ երկրից արտագաղթողներն առավել շատ հեռանում են ցամաքային տրանսպորտով, և վերջնական տվյալներն ամփոփելուց հետո ուղևորահոսքերի բացասական սալդոն այս դեպքում առնվազն կկրկնապատկվի:

Պատկերավոր ասած՝ եթե արտագաղթը մարմնավորվեր, ապա մեր երկրում հաջողությամբ կարող էր ասել՝ եկա, տեսա, հաղթեցի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս