Նրա հետ ցանկացել են հանդիպել Հեմինգուեյն ու Չապլինը
Հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակն էր: Նրա մասին կան կենսագրական գրքեր, նրա անվան շուրջ, ինչպես բոլոր հանճարեղ մարդկանց անվան շուրջ, առասպելաբանությունն ու իրականությունը հաճախ փոխարինում են մեկը մյուսին, հատկապես, երբ պատմում են նրա հանդիպումների մասին Սալվադոր Դալիի, Հեմինգուեյի, Ռոմեն Ռոլանի, Չարլի Չապլինի, Հռոմի պապի, Ստրավինսկու, Հերբերտ ֆոն Կարայանի հետ: Երբ Հայաստանում էր աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը, նա եղավ նաև Խաչատրյանի տուն-թանգարանում: Տուն-թանգարանի տնօրեն, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր և միջազգային մրցույթների դափնեկիր «Խաչատրյան տրիոյի» դաշնակահար Արմինե Գրիգորյանը նրան ծանոթացրեց Մաեստրոյի կյանքին ու դաշնակահարին նվիրեց «Իմ անհայտ Խաչատրյանը» ձայնասկավառակը, ուր կոմպոզիտորի քիչ կատարված գործերն են: Ի դեպ, Կիսինն ասաց, որ Խաչատրյանի «Տոկատն» իր նվագացանկում կա:
– Տիկի՛ն Գրիգորյան, ռուս երաժշտական քննադատներն Արամ Խաչատրյանի մասին խոսելիս` ակնարկում են, թե կան տիտաններ` Շոստակովիչը, Պրոկոֆևը, իսկ, ա՛յ, Արամ Խաչատրյանը, ինչ խոսք, հրաշալի կոմպոզիտոր է, մեծություն, սակայն նրա երաժշտությունը հանրամատչելի է: Եվ, ըստ այդմ, հանճարեղ կոմպոզիտորների պլեադան սահմանափակվում է Շոստակովիչով:
– Բառացիորեն մի քանի օր առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեեստրում ընդգրկվեցին Արամ Խաչատրյանի ձեռագրերն ու կինոերաժշտությունը: Հայտը ներկայացրել էր տուն-թանգարանը: Դա վկայում է, որ Խաչատրյանը համաշխարհային արժեք է: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, նման միտք հայտնողը, թերևս, նկատի է ունեցել, որ Խաչատրյանը ծնվել է ավելի վաղ, քան Շոստակովիչը: Ընդհանրապես` կոմպոզիտորի մասշտաբը, հանճարը բացահայտվում է ժամանակի ընթացքում: Կան երջանիկ ստեղծագործողներ, ովքեր կյանքի ընթացքում արդեն ընդունվել են, նրանց երաժշտությունը հնչում է ամենուր: Խաչատրյանին կարելի է դասել նրանց շարքին: Երաժշտության պատմության մեջ կան դեպքեր, երբ կոմպոզիտորներն արդեն չկան, տարիներ, տասնամյակներ, անգամ հարյուրամյակներ անց նրանց պատահաբար բացահայտում են:
– Ամենացայտունը, թերևս, Բախի օրինակն է:
– Անշո՛ւշտ. չլիներ Մենդելսոնը, մենք գուցե այդ երջանկությունը չունենայինք` ճանաչել Բախի ամբողջական հանճարը:
– Դուք «Արամ Խաչատրյան» տրիոյի դաշնակահարն եք: Հիշենք նաև Ձեր գործընկերներին` ջութակ` Կարեն Շահգալդյան, թավջութակ` Կարեն Քոչարյան: Աշխարհում այսօր լավ երաժիշտների պակաս չկա: Սակայն մեկին ծափահարում են, մյուսին` ոչ:
– Տեխնիկապես շատ փայլուն դաշնակահարներ կան: Եթե հիշենք, թե Չինաստանը քանի միլիոն դաշնակահար ունի, անգամ սիրտդ ահ է մտնում: Տեխնիկական հնարավորությունները միայն հիմքն են, որի վրա պետք է կառուցես մնացած հարկերը, որոնք արդեն գրավում են ունկնդրին: Ես կարող եմ դաշնակահարներին կիսել երկու բանակի` մարդիկ, ովքեր փայլուն տիրապետում են գործիքին, մյուս բանակը, որն ավելի մոտ է արվեստին, ուղղակի երաժիշտն է, ով առաջին հերթին մատուցում է ոչ թե գործիքը, այլ երաժշտությունը: Կան օրինակներ, երբ փայլուն չտիրապետելով գործիքին, կարելի է հուզել ունկնդրին:
– 20-րդ դարը դասական երաժշտության ասպարեզում հեղափոխություն իրականացրեց: Ջոն Քեյջն, ասենք այսպես, գրեց ստեղծագործություն դաշնամուրի համար, երբ դաշնակահարը 4րոպե 33 վայրկյան նստում է դաշնամուրի առաջ, ապա հեռանում:
– Ես ինքս այդ ստեղծագործությունը չեմ փորձի կատարել. չափազանց «բարդ» է: Ցանկացած ասպարեզում, նաև արվեստում, տեղի են ունենում հետաքրքիր էքսպերիմենտներ: Սա էլ էքսպերիմենտի մի ձև է, որը երկար չի կարող ապրել: Նույն Քեյջը, չեմ կարծում, թե կունենա աշակերտներ, ովքեր ոչ թե 4րոպե 33 վայրկյան, այլ 15 կամ 20 րոպե կնստեն դաշնամուրի առաջ:
– Այսպիսի փորձ ևս կար` դաշնակահարը մոտենում է դաշնամուրին և գործիքի վրա ձվածեղ պատրաստում:
– Սա ավելի շուտ շոու է: 20-րդ դարի վերջում, 21-րդ դարում շեղումներ իսկական արվեստից շատ են: Սակայն կարևոր է, որ մենք դրա կողքին կպահպանենք այն մաքուր, խոր, զուլալ երաժշտությունը:
– Հնարավո՞ր է, որ նման մոտեցումը դասական երաժշտության ճգնաժամի հետևանք է: Փորձ է արվում շոուի տարրեր մտցնել դասական արվեստ` այն ընկալելի կամ հրապուրիչ դարձնելու համար:
– Չէի ասի, թե դա կապված է դասական արվեստի ճգնաժամի հետ, որովհետև կարծում եմ` դասական, բարձրարվեստ երաժշտությունը միշտ էլ դժվար է գտել իր ճանապարհը: Դասական արվեստի ունկնդիրը շատ չէ, մատչելի երաժշտությունն ավելի մեծ լսարան ունի:
– Հեռուստաընկերություններն իրենց երաժշտական ծրագրերի անբովանդակությունը հիմնավորում են այսպես` գնում ենք ընդառաջ ունկնդիրներին, հեռուստադիտողներին: Դասական երաժշտության ընտրության հարցում կա՞ նման մոտեցում` ի՞նչը նվագել համերգին, որպեսզի ունկնդիրները շատ լինեն:
– Այդպիսի ծրագրեր ունեցել ենք: «Գաֆէսճեան» կենտրոնում ներկայացրել ենք հետաքրքիր մի ծրագիր, որը կոչվում էր «Երաժշտական շրջագայություն». կատարում էինք տարբեր երկրների կոմպոզիտորների` հնարավորինս ճանաչված ստեղծագործությունները: Երաժշտությունն ուղեկցվում է այդ երկրների տեսարժան վայրերի ցուցադրմամբ մեծ էկրանի վրա: Սա շատ մատչելի ծրագիր է: Ունենք նաև այլ ծրագրեր` Մենդելսոնի ռե մինոր տրիոն, Չայկովսկու ամենահրաշալի գործերից մեկը` դաշնամուրային տրիոն` նվիրված Ռուբինշտեյնի հիշատակին: Այն մարդիկ, ովքեր կլսեն «Երաժշտական շրջագայությունը», հնարավոր է` գան ավելի բարդ ընկալելի երաժշտություն լսելու:
– Կոմպոզիտորների մասին շատ ֆիլմեր են նկարահանվում: Բեթհովենի, Մոցարտի, Բեռլիոզի, Պագանինիի մասին ֆիլմերը դիտելիս տպավորություն է, որ նրանք ոչ առողջ հոգեկան աշխարհ ունեցող, ֆիզիոլոգիական շեղումներ ունեցող մարդիկ էին: Ձեր կարծիքով` նման մոտեցումը որքանո՞վ է արդարացի թեկուզ այն առումով, որ այդ մարդիկ ինքնապաշտպանվելու հնարավորություն չունեն:
– Ինքս այդքան էլ չեմ ընդունում այդ մոտեցումը: Շատ ֆիլմեր ճանաչված մարդկանց մասին հնարավոր չէ ամբողջությամբ դիտել: Կարծում եմ, ամեն մի ստեղծագործողի, հատկապես` հանճարեղ մարդկանց, նախևառաջ պետք է ճանաչել իրենց ստեղծագործություններով: Իսկ այն, ինչ իր անձնականն է, չպետք է բարձրացնել ջրի երես և դարձնել բոլորի սեփականությունը, քանի որ այդ ֆիլմերը ստեղծվում են այն մարդկանց մասին, ովքեր շատ վաղուց չեն ապրում այս երկրի երեսին ու, ինչպես նկատեցիք, ինքնապաշտպանվելու հնարավորություն չունեն:
– Կոնսերվատորիայում դասավանդում եք և գիտեք, որ որոշ ֆակուլտետներում դիմորդներ չկան, մի քանիսում շատ քիչ են: Օրինակ` փողային գործիքների բաժնում: Լավագույն շրջանավարտներն էլ Հայաստանից ուղղակի խմբերով են հեռանում, հիմնականում` Գերմանիա:
– Եթե երաժշտությունն ես ընտրում` որպես մասնագիտություն, պիտի լինի մշակութային այն միջավայրը, ուր կարողանաս աշխատել և, ի վերջո, գոյատևել: Մեր երկրում երաժիշտները կարողանում են գոյատևել, սակայն զարգանալու, ինքնակատարելագործվելու, համերգներ ունենալու հնարավորությունը սահմանափակ է: Դա է հիմնական պատճառը, որ մեր երիտասարդ երաժիշտները գնում են այլ երկրներ` հեռանկարի հույսով: Իսկ այն, որ Կոնսերվատորիայի մի շարք ֆակուլտետներում դիմորդներ չկան, ինձ համար ցավալի, սակայն, ամեն դեպքում, հասկանալի փաստ է:
– Երևանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում հատուկ շեշտվել է Խաչատրյանի կինոերաժշտությանը:
– Այո, ցուցադրվելու են «Պեպոն», «Օթելլո» ֆիլմերը, որոնց երաժշտությունը ևս գրել է Արամ Խաչատրյանը: Առհասարակ, նրա կինոերաժշտությունն այնքան էլ հայտնի չէ:
– Փոխարենը` չափազանց հայտնի է նրա աշակերտների` Միքայել Թարիվերդիևի, Ալեքսանդր Ռիբնիկովի կինոերաժշտությունը:
– Ռիբնիկովին հրավիրելու հնարավորություն չենք ունեցել, սակայն վերջերս տուն-թանգարանը հյուրընկալել էր Խաչատրյանի մեկ այլ աշակերտի` Գեորգս Պելեցիսին: Սեպտեմբերին կազմակերպել ենք միջազգային կոնֆերանս: Թեման` «Արամ Խաչատրյանն ու արդի աշխարհը»:
«168 ԺԱՄ»