Պետք է հրապարակային «ադեկվատ» ելույթներ ունենային

Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու վերաբերյալ Ռուսաստանի որոշման վերաբերյալ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մեր թերթի հետ զրույցում ասել էր, թե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, թող Ադրբեջանի «փողերը կիրառվեն մեր դաշնակցի հզորացման համար»` ավելացնելով, որ եթե ոչ ՌԴ-ն, ապա մեկ այլ պետություն զենք կվաճառի Ադրբեջանին:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք արդարացվա՞ծ է հանուն բիզնեսի Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քայլը, ինչին ի պատասխան` նա նշեց. «Ոչ, չեմ կարծում, որ մեր դաշնակիցը մնացել էր այդ 1 մլրդ դոլարով հարստացման հույսին: Միշտ էլ կարելի է ասել, որ եթե Ռուսաստանը չվաճառի, ուրիշը կվաճառի: Բայց Հայաստանի տեսանկյունից Ռուսաստանի կողմից զենք վաճառելը մտահոգիչ պետք է լինի: Միշտ էլ կարելի է ասել, որ` եթե ես չվաճառեմ, մեկ ուրիշը կվաճառի, բայց անպայման չէ, որ այդպես լինի: Հարցն այն է, որ ՌԴ-ն` որպես ռազմավարական դաշնակից, մտնում է գործարքի մեջ, որը տարածաշրջանն ապակայունացնելու մեծ հավանականություն ունի: Ցանկացած պետություն, ով նման զինամթերք կվաճառի, պարզ է, որ պետք է հաշվի առնի զինամթերքի գործածության հետևանքները: Դրա համար ոչ բոլոր պետություններն են պատրաստ վաճառել: Ռուսաստանը պետք է մեծ երաշխիքներ տա, որ մտահոգվելու պատճառ չունենանք»:

Մեր դիտարկմանը, թե հայտնի է, որ Ռուսաստանն իր այս քայլը համարում է տնտեսական, «բիզնես շահ», ինչի մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Չի կարելի ամեն ինչի մասին ասել, որ տնտեսություն է: Եթե հանկարծ տնտեսական գործարքի հետևանքով պատերազմ սկսվի տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը ստիպված է աջակցել Հայաստանին, տնտեսականից բացի, շատ ավելի վատ հետևանքներ չի՞ ունենա ՌԴ-ն: Իհարկե, կունենա»:

ՀՅԴ անդամի համոզմամբ, եթե Ռուսաստանն էլ ներքաշվի Հայաստան-Ադրբեջան պատերազմի մեջ, «հաճելի» իրավիճակ չի ստեղծվի ոչ մի կողմի համար: Կիրո Մանոյանը նշեց, որ մարդիկ անտեսում են Ադրբեջան-Հայաստան, Ադրբեջան-Ղարաբաղ հավանական պատերազմի տարածաշրջանային վտանգները. «Հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Հարցը միայն պատերազմող կողմը չէ, որ, մեղմ ասած, շատ կտուժեն: Հարցը նրանում է, որ տարածաշրջանում անկանխատեսելիությունը անկայունության պատճառ կդառնա»:

Հայաստանի իշխանությունները, ըստ նրա, պետք է հրապարակային «ադեկվատ» ելույթներ ունենային այս հարցի շուրջ, որը, բացի մեսիջ հասցնելուց, զգոնության նշան կլիներ` զենքի վաճառքը չկրկնելու համար: «Իսկ թե ոչ հրապարակային ի՞նչ բանակցություններ, խոսակցություններ են գնում` չեմ կարող ասել: Այնքան միամիտ չեմ, որ հավատամ, որ միայն հրապարակային խոսքեր են: Կարող է` ոչինչ էլ չկա… Բայց, այնուամենայնիվ, հրապարակային պատասխանները համարժեք չէին»,- նշեց նա:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս