Ծեծկռտուք՝ Գյումրիի մականունավորների մի ամբողջ շքերթի մասնակցությամբ. մամուլ
«Երեկ ժամը 21:45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տան դիմաց վեճի են բռնվել նույն տան բնակիչներ Արթուր և Արտյոմ Աղվանի Գևորգյանները Կամոյի 73 շենքի բնակիչ Մարտին Գալստյանի հետ:
Ըստ «Ժամանակի» հավաստի տեղեկությունների՝ վեճը ծագել է այն բանից հետո, երբ Մարտինը հարբած վիճակում զանգել է եղբայրներից մեկին՝ պարտքը ուզելու: Գևորգյան եղբայրները նախ ծեծի են ենթարկել Մարտին Գալստյանին, որից հետո Մարտինը որոշել է գնալ և իր ընկերների հետ գալ՝ ծեծկռտուքը շարունակելու»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Արդյունքում, դանակահարել են Արթուր Գևորգյանին, ով Գյումրիում աշխատում է որպես ատամնաբույժ: Արտյոմ Գևորգյանը ոսկերիչ է: Եղբայրները Գյումրիում հայտնի մականունավոր Ոսկերիչ Աղվանի տղաներն են:
Մարտինի ընկերների և Գևորգյանների միջև ծեծկռտուքի ժամանակ հայրը՝ Ոսկերիչ Աղվանը, տեսնելով, որ հնարավոր է՝ որդիներին վնասեն, գնացել և տնից բերել է իր օրինական հրացան-ինքնաձիգը և, տեսնելով դանակահարված որդուն, երեք կրակոց արձակել: Այժմ ոստիկանները փորձում են պարզել՝ ով է Արթուրին դանակահարել:
Ի դեպ, այս ծեծկռտուքին Գյումրիի մականունավորների մի ամբողջ շքերթ է մասնակցել, գործին ներգրավված է վեց մականունավոր Արթուր, այդ թվում՝ Ֆինկի Արթուրը, Տիպիչ Արթուրը, Տուլո Արթուրը, Քոբոլ Արթուրը և ուրիշներ»: