Գագիկ Ծառուկյանի բացակայությունների պատճառը. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նիստերի և քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորը մեխանիկորեն պետք է վայր դնի մանդատը: Նման նախադեպ հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ չի գրանցվել, որովհետև պատգամավորները, որպես կանոն, ներկայացնում են անաշխատունակության` հիվանդության թերթիկներ, ինչի դեպքում բացակաները համարվում են հարգելի:
Բացակայությունների առումով ռեկորդակիր է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն աշնանային նստաշրջանին գրեթե չի «այցելել» պառլամենտ, իսկ գարնանայինին` երեք-չորս անգամ և հենց այն օրերին, երբ պետք է «բիրիքով» քվեարկություններ տեղի ունենային, որպեսզի բացակայության և մանդատաթափման գործընթացի հարցը մի մասով լուծված համարվեր: Իսկ «մնացածի» մասով նա անաշխատունակության թերթիկ ներկայացրե՞լ է, որ մանդատից չեք զրկել, հարցրինք ԱԺ մեր աղբյուրին: «Ծառուկյանի տեսքից երևում է, որ ինքը հիվա՞նդ է. երբեք, առողջ, առույգ տղամարդ է, նա երբեք հիվանդության թերթիկ չի ներկայացրել»:
Իսկ ի՞նչ է ներկայացրել: «Դե, հաճախ է եղել, որ մեկնել է գործուղման, ասենք` կուսակցության, Օլիմպիական կոմիտեի գործերով, այդ մասին նա ԱԺ ղեկավարությանը գրավոր տեղյակ է պահել»»: