Ի՞նչ երաշխիքներ է բերել Ֆյուլեն
Այսօր երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանում Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Վերջինիս մամուլի պատասխանատու Անկա Պադուռառուն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ հանձնակատարը կարևորում է իր այցը Երևան հատկապես Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, և այցի հիմնական նպատակն այդ գագաթաժողովից առաջ Հայաստանի դրության և գրանցած հաջողությունների գնահատումն է:
Կարևոր է տեսնել` ինչպես են ընթանում գործերը մինչ գագաթաժողովը. նշեցին Բրյուսելում Ֆյուլեի գրասենյակից:
Չնայած վիլնյուսյան գագաթաժողովին դեռևս մի քանի ամիս ժամանակ կա, սակայն Ֆյուլեի այցը կարելի է համարել որպես ազդակ, որ, այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագիրը նախաստորագրելու հարցում:
Արևելյան գործընկերության ծրագիրը Եվրամիության համար չափազանց կարևոր նախագիծ է, որի համար նույնքան կարևոր է աշնանը Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը: Շտեֆան Ֆյուլեն ի պաշտոնե պատասխանատու է առաջին հերթին՝ հենց այդ ծրագրի համար, և դժվար է մտածել, որ նա Հայաստան է գալիս «ընթացիկ» հարցեր քննարկելու համար: Ավելին, քիչ հավանական է, որ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան երևան ժամաներ, այսպես ասած, առանց երաշխիքների, որ այդ այցից հետո Հայաստանը կարող է փոխել դիրքորոշումը վիլնյուսյան գագաթաժողովում:
Այսինքն՝ Ֆյուլեն նման կարևոր փուլում Հայաստան չէր ժամանի, եթե նրա այցը՝ վիլնյուսյան գագաթաժողովի տեսանկյունից տապալման թեկուզ փոքր վտանգ պարունակեր: Պատահական չէ, որ Ֆյուլեի այցից ընդամենը մի քանի օր առաջ Բրյուսելում Եվրոպական հարևանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպան ժամանակ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը՝ կարևորելով Արևելյան գործընկերության դերը՝ նշելով, որ Ասոցիացման համաձայնագրի, ներառյալ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցային գործընթացը գտնվում է ավարտական փուլում՝ համոզմունք է հայտնել, որ Հայաստանի պարագայում համաձայնագրերը կնախաստորագրվեն Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում:
Այսինքն՝ բացի ներքին դիվանագիտական խողովակներով փոխանցված երաշխիքներից, իշխանությունը դա հնչեցրել է նաև հրապարակավ՝ ԵՄ-Հայաստան բանակցություններում ՀՀ պաշտոնական բանակցողի մակարդակով:
Ըստ ամենայնի, նույն հավաստիացումները Ֆյուլեն կլսի նաև երևանյան հանդիպումներում: Սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառվող ճնշումները, արդեն Երևանում Շտեֆան Ֆյուլեն պետք է երաշխիքներ ներկայացնի հայկական կողմին: Երաշխիքներն, առաջին հերթին, պետք է վերաբերեն Ռուսաստանի կողմից նոր ճնշումներին դիմակայելու հնարավորությանը, մասնավորապես՝ տնտեսական ճնշումների սրացման դեպքում Եվրամիության կողմից ֆինանսական օժանդակության հատկացմանը և անվտանգության հարցերին՝ կապված, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի անվտանգության հետ, որը տնտեսական ճնշումներից հետո կամ դրան զուգահեռ՝ Ռուսաստանի մյուս «թիրախն» է:
Բնականաբար, Եվրամիությունը շատ լավ տիրապետում է իրավիճակին, և այնպես չէ, որ Ֆյուլեին Հայաստանում պետք է ներկայացնեն ՀՀ եվրաինտեգրման պատճառով «ռազմավարական գործընկերոջ» կողմից սպառնացող վտանգները: Այսինքն՝ Շտեֆան Ֆյուլեն պետք է որ Հայաստան ժամանի ոչ այնքան լսողի, այլ գոնե մի քանի կարևոր հարցերին պատասխանողի կարգավիճակում:
Նշենք, որ Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը Երևանում հանդիպելու է ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների, այլ նաև իշխանական ու ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ: Իսկ դա նշանակում է, որ եվրոպացի պաշտոնյայի հանդիպումների ընթացքում կարող են հնչել ոչ միայն Հայաստանի՝ եվրաինտեգրացիային հավատարիմ լինելու մասին հայտարարություններ, այլ նաև հակաեվրոպական դիրքորոշումներ, որպիսիք հնչում են հատկապես «ռուսական գծի» մեջ գտնվող ուժերի կողմից:
Հասկանալի է, որ Ռուսաստանը հետևում է այս գործընթացին և փորձելու է բոլոր հնարավոր միջոցներով կանխել Հայաստանի կողմից Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը: Ու բացառված չէ, որ այդ գործին լծվեն նաև հայաստանյան քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ, ինչպես՝ իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր ու այլընտրանքային ուժերից: Ասոցիացման համաձայնագիրը տապալելու դիմաց Ռուսաստանը նրանց կարող է խոստանալ իշխանություն, որի գայթակղությանը կարող են չդիմանալ անգամ իրենց ամենաեվրոպամետ համարող շատ ուժեր: