Նախագահը՝ վարչապետ, և՝ հակառակը

«Կարծում եմ, Սահմանադրության դերն ընդգծվում է  հատկապես երկրի զարգացման փուլերում, հենց դրանով էին պայմանավորված 2005թ.-ին  իրականացված սահմանադրական բարեփոխումները: Բացի այդ, հասունացել են խնդիրներ, որոնք պետք է լուծվեն Սահմանադրության փոփոխության միջոցով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Դավիթ Հարությունյանը: Միաժամանակ, նա ասել է, որ վերոնշյալ փոփոխությունների հետ կապված հարցերը պետք է քննարկվեն առաջին հերթին՝ ՀՀԿ-ի ներսում, որից հետո միայն կարող են հանրային քննարկման առարկա դառնալ: Թե հատկապես որո՞նք են «հասունացած խնդիրները», Դ. Հարությունյանը չի մանրամասնել:

Սահմանադրական փոփոխությունների հարցը վաղուց իշխանության օրակարգում է: Հիշեցնենք, որ հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցություններն ակտիվացան 2013 թվականի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, երբ դեռևս հայտնի չէր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ: Այն ժամանակ խոսվում էր, որ իշխանությունը մտածում է սահմանադրական փոփոխությունների արդյունքում փոխվարչապետի պաշտոններն ավելացնելու ու դրանցից մեկը ԲՀԿ-ին տալու հարցի շուրջ: Թե ինչի՞ արդյունքում դա տեղի չունեցավ, այսօր արդեն էական չէ: Կարևորն այն է, որ իշխանությունը՝ գուցե դեռևս շատ նեղ շրջանակում, սակայն քննարկում է նոր սահմանադրության հնարավորությունը: Ու թեև Դավիթ Հարությունյանը չի նշում, թե ի՞նչ խնդիրներ են հասունացել այնքան, որ կարող են սահմանադրական փոփոխությունների հանգեցնել, սակայն դժվար չէ կռահել, որ թիվ մեկ խնդիրը կապված է գործող իշխանության ապագայի հետ, որը կարող է որոշակիացվել միայն սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայումս պաշտոնավարում է նախագահության երկրորդ ժամկետը, և, չնայած 2018 թվականի ընտրություններին դեռևս 5 տարի ժամանակ կա, արդեն այսօր ողջ իշխանական ու քաղաքական համակարգը քննարկում է նրա ժառանգորդի հարցը:

Այդ քննարկումներում շրջանառվում են տարբեր անուններ՝ Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, չի բացառվում, որ կարող է հայտնվել այսօր անհայտ որևէ նոր անուն, և այլն: Բայց բոլոր այդ քննարկումների հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանձնել իշխանությունն ինչ-որ մեկին ու հեռանալ: Իհարկե, ինչ-որ մեկին «հանձնել» ասելով՝ գրեթե բոլորը հասկանում են՝ մեկին, ով կլինի ամբողջությամբ վստահելի ու վերահսկելի, և այդ ճանապարհով Սերժ Սարգսյանը կպահպանի ազդեցությունը նաև 2018 թվականից հետո:

Բայց այդ քննարկումներում չի արծարծվում կամ գրեթե չի արծարծվում հարցը՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանն անձամբ պատրաստվում կամ ցանկանում է հեռանալ քաղաքականությունից ու պետական կառավարման համակարգից: Իշխանության տրամաբանությունն՝ ընդհանրապես, Հայաստանի իշխանության տրամաբանությունը՝ մասնավորապես ու հատկապես, հուշում են, որ Ս. Սարգսյանը նման ցանկություն չպետք է ունենա: Երրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվել նա չի կարող՝ գոնե գործող Սահմանադրությամբ:

Հետևաբար՝ իշխանությունը պետք է մտածի ինչ-որ միջանկյալ տարբերակ գտնելու ուղղությամբ: Քիչ հավանական, գրեթե բացառված է, որ դա լինի սահմանադրության այնպիսի փոփոխությունը, որը Ս. Սարգսյանին երրորդ անգամ առաջադրվելու հնարավորություն կտա:

Դա կնշանակի՝ միանգամից հավասարվել տոտալիտար համակարգերին, ինչպես, օրինակ, Ադրբեջանն է, իսկ Հայաստանը ո՛չ ֆիզիկապես, ո՛չ քաղաքականապես նման հնարավորություն չունի: Հետևաբար՝ գոնե այս պահին տեսանելի միակ տարբերակը մնում է պետական կառավարման կարգի փոփոխությունը, մասնավորապես՝ անցումը խորհրդարանական կառավարման կարգի՝ ուժեղ վարչապետով ու «արարողակարգային» նախագահով: Հետևաբար՝ իշխանությունն արդեն այսօրվանից պետք է մտածի՝ հաջորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2017 թվականին, հաջորդ նախագահի ընտրություններից առաջ, նոր Սահմանադրությամբ անցկացնելու մասին:

Կոնկրետ Սերժ Սարգսյանին դա հնարավորություն կտա պաշտոնավարել ընդհուպ մինչև նախագահական ընտրությունների երկրորդ ժամկետի ավարտը, իսկ դրանից հետո խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրվել վարչապետի պաշտոնում: Կախված քաղաքական զարգացումներից՝ չպետք է բացառել նաև, որ Ս. Սարգսյանը «զոհաբերի» իր նախագահության վերջին տարին՝ 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո վարչապետ նշանակվելու ճանապարհով: Դա տեղի չի ունենա միայն այն դեպքում, երբ հաջորդ խորհրդարանում նա ունենա 100 տոկոսով վստահելի մեծամասնություն, և գտնվի մեկը, ում մեծամասնությունը կկարողանա վարչապետ նշանակել մի քանի ամսով՝ նախագահի ընտրություններից հետո հրաժարական տալու պայմանով:

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն՝ ուժերի ներկայիս հարաբերակցությամբ, Հովիկ Աբրահամյանի հավակնություններով, չի կարող բավարարել այդ խնդրին: Հետևաբար՝ առաջիկա տարիներին Սերժ Սարգսյանն առաջին հերթին՝ պետք է սեփական կուսակցությունը «մաքրի» թեկուզ 1 տոկոսով անվստահելի ՀՀԿ-ականներից:

Վերադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ նշենք, որ դա Սերժ Սարգսյանի համար բացառիկ հնարավորություն է՝ ոչ միայն նախագահական ընտրություններից հետո իշխանության ղեկին մնալու, այլ այնպես մնալու, որ դա միջազգային հանրության կողմից դիտվի անգամ «ժողովրդավարական առաջընթաց»: Բանն այն է, որ խորհրդարանական կառավարման կարգին անցում կատարելու թեզը տարիներ շարունակ պնդում է ընդդիմությունը: Իշխանությունը, որ մինչև վերջերս մերժում էր այդ առաջարկը, կարող է «հրահրել» այս թեմայի ակտիվացումը և այս անգամ չմերժել:

Այսինքն՝ ընդունելով ընդդիմության առաջարկը, միաժամանակ այն դարձնել սեփական իշխանությունը երկարաձգելու ճանապարհ: Առավել ևս, որ քաղաքական դաշտի ներկայիս դասավորությունն ու ուժերի հարաբերակցությունը հաշվի առնելով՝ Ս. Սարգսյանի համար ավելի վտանգավոր է ոչ  այնքան ընդդիմության, որքան սեփական կուսակցության որոշակի խմբավորումների կողմից իշխանափոխություն իրականացնելու փորձերը: Ու այդ առումով, թերևս, պատահական չէ Դավիթ Հարությունյանի այն հայտարարությունը, որ սահմանադրական փոփոխությունների հարցը պետք է առաջին հերթին՝ քննարկել ՀՀԿ-ում, և միայն դրանից հետո դարձնել հանրային քննարկման առարկա:

Այլ կերպ ասած՝ նախ, ՀՀԿ-ում է պետք սահմանադրական փոփոխություններն «անցկացնել»՝ չեզոքացնելով դրա հնարավոր վտանգները, և միայն դրանից հետո՝ արդեն «վնասազերծված» տարբերակը ներկայացնել հանրային քննարկման:

Տեսանյութեր

Լրահոս